2097 դիտում
17:55 27-02-2018
Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը փետրվարի 27-ին ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել հայ-լիտվական հարաբերությունների զարգացման մակարդակը՝ ընդգծելով դեսպան Պետրիկասի անձնական ջանքերը թե՛ միջպետական, թե՛ միջխորհրդարանական կապերի ընդլայնման հարցում:
Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է Լիտվայի ժողովրդին անկախության վերականգնման 100-ամյակի կապակցությամբ: Նա երախտագիտությամբ է ընդգծել այն փաստը, որ Լիտվան ՀՀ անկախությունը ճանաչած առաջին երկիրն է եւ առայժմ միակը Մերձբալթյան երկրներից, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է նաեւ ցեղասպանությունների դատապարտմանն ու ժխտողականության մերժմանը: Նա նշել է, որ ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման» կոնվենցիայի 70-րդ հոբելյանական տարվա կապակցությամբ Հայաստանի խորհրդարանը նախաձեռնել է մի շարք երկրներում կազմակերպել «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» խորագրով ցուցադրություններ: Նշվել է, որ ապրիլի 30-ին նման ցուցադրություն ընդդեմ թուրքական ժխտողականության նախատեսված է իրականացնել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում: Անդրադարձ է կատարվել Լիտվայում նման ցուցադրություն կազմակերպելու հնարավորությանը:
Քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ Լիտվան՝ որպես ԵՄ անդամ պետություն, կարող է հուսալի կամուրջ լինել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ նա ընդգծել է փաստաթղթի հնարավորինս արագ վավերացումը Լիտվայի խորհրդարանի կողմից: Դեսպանն իր հերթին կարեւորել է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը, որը, նրա խոսքով, լայն հնարավորություններ է ստեղծում տարբեր ոլորտների զարգացման համար:
Նմանատիպ նյութեր
3033 դիտում
15:28 06-10-2016
Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպանին
1090 դիտում
17:42 23-04-2014
Էդուարդ Շարմազանովն ընդունել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը
5590 դիտում
18:21 07-08-2018
Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին
Այս բաժնից
838 դիտում
12:24 26-12-2024
Ջրային կոմիտեի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել
1537 դիտում
11:33 26-12-2024
Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (տեսանյութ)