211652_close_icon
views-count1239 դիտում article-date 10:39 11-06-2022

Պետական պրագմատիզմն ընդդեմ հուզական քաղաքականության․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Համախմբման», «միասնության», «ազգը մի բռունցք դարձնելու» մասին այս երեք տասնամյակների ընթացքում շատ է խոսվում: Սովորաբար, նման հրաշալի կոչեր անողները վերապահում են անում. «բայց այս հանցագործների, դավաճանների, թուրքահպատակների, ռուսահպատակների … հետ (ցանկը կարելի է շարունակել անվերջ), ես չեմ ուզում համախմբվել, նրանք ազգի եւ պետության թշնամիներն են»:

Պետությունը, սակայն, պահանջում է պրագմատիկ մոտեցումներ, մանավանդ, մեզ նման փոքր եւ բազմաթիվ խնդիրներ ունեցող պետությունը: Խոսքը գրկախառնվելու կամ համոզմունքները փոխելու մասին չէ. ես առաջարկում եմ գործելակերպը բնութագրող շատ ավելի կոպիտ հնչող բառ՝ «օգտագործել»: Այսինքն, եթե ձեւավորված է պետության շահը, սկզբունքը, ապա ամեն ինչ, մասնավորապես, հայերի եւ ոչ միայն հայերի հնարավորություններն օգտագործել այդ նպատակների համար:

Բերեմ ծայրահեղական օրինակ, որը շատերին դուր չի գա: Հայաստանցիների մի մասը հավանում է Սերժ Թանգյանին եւ հաճույքով է լսում նրա երգերը, մյուս՝ շատ ավելի փոքր մասը կարդացել է Անդրանիկ Միհրանյանի աշխատությունները եւ գտնում է, որ այնտեղ հետաքրքիր գաղափարներ կան: Ամերիկացին ցույցերի էր մասնակցում Փաշինյանի համար, ռուսաստանցին՝ Փաշինյանի դեմ: Հուզական, գերքաղաքականացված մոտեցումը դրդում է մեկին դրվատել, իսկ մյուսին՝ անիծել: Մինչդեռ պրագմատիկ, պետական մոտեցումը պահանջում է վերանալ անձնական քաղաքական համակրանք-հակակրանքներից եւ ծառայեցնել այդ մարդկանց մոտեցումները, նրանց ներուժը՝ պետական որոշակի խնդիրներ լուծելու համար: Ընդ որում՝ այդպես կարող են վարվել ոչ միայն իշխանավորները, այլեւ ցանկացած պետական մտածելակերպ ունեցող մարդիկ: Վերջերս նման օրինակ է տվել առաջին նախագահը: Դժվար է պատկերացնել, որ նա շատ է սիրում Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, կամ երազում էր պատգամավոր դառնալ: Բայց վերջին ընտրություններից առաջ նա նախկին նախագահներին առաջարկել էր միավորվել:

Իսկ ինչո՞ւ չմտածել, որ պետք է օգտագործել ՔՊ-ի, Դաշնակցության, ՀՀԿ-ի, բոլոր մնացած կուսակցությունների եւ հասարակական կառույցների ներուժը պետությունն ամրապնդելու համար: Պարզապես նրանց գործունեությունից, նրանց արտահայտած մտքերից անհրաժեշտ է զտել, քամել այն, ինչ կարող է օգտակար լինել պետությանը՝ քամուն տալով հուզական ու քարոզչական հարդը: Այո, այդ կուսակցությունների վերնախավերն այսօր ցանկանում են իրար քաղաքականապես ոչնչացնել: Իսկ այդ ուժերին հավատացող մարդի՞կ… Այստեղ տրամադրությունները կարող են տարբեր լինել:

Դա, կրկնեմ, չի նշանակում հրաժարվել համոզմունքներից: Ճիշտ հակառակը՝ սկզբունքները պետք է պարզ լինեն: Նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը այս կամ այն ձեւով տեսնել Ռուսաստանի կազմում, պետք է համբերատար բացատրել, որ դա լուծում չէ, դրանից մենք չենք շահի: Նրանց, ովքեր ասում են, որ պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից եւ այլն, արժե բարեկամաբար հուշել, որ դա վտանգավոր արկածախնդրություն է: Նրանց, ովքեր կարծում են, թե պետության ամենակարեւոր խնդիրն է նախկիններից վրեժ լուծելը, պետք է բացատրել, որ պետությունը շատ ավելի կարեւոր խնդիրներ ունի: Այդպիսի երկխոսության մեջ եմ ես տեսնում ազգի համախմբումը:

․․․ «Իդեալիստներ» Հիտլերն ու Չեմբեռլենը աշխարհը հասցրեցին աղետալի պատերազմի: «Ռեալիստ» Չերչիլը, միավորվելով իր համար ատելի Ստալինի հետ, նպաստեց պատերազմի ավարտին»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր