211652_close_icon
views-count2230 դիտում article-date 20:40 22-02-2018

Տարոն Մարգարյան. «Նորքի բարձունքի անտառային գոտու վերականգնումը շատ կարևոր ու անհրաժեշտ է ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև ողջ քաղաքի համար»

Երևանի վարչական շրջանների 2017թ. կատարած աշխատանքների վերջին զեկույցը քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել Նորք-Մարաշ վարչական շրջանում: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների հաշվետվությունը ներկայացնելով` վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանը ընդգծել է, որ դրանք ուղղված են եղել բնակիչների համար հարմարավետ միջավայրի ապահովմանը: 2017թ.-ին շարունակական աշխատանքներ են տարվել ոռոգման նոր ցանցի անցկացման ու կանաչ տարածքների ընդլայնման, բարեկարգման, ինչպես նաև սոցիալական նշանակության ծրագրերի իրականացման ուղղություններով: Որպես ձեռքբերում, Վաղինակ Մկրտչյանն առանձնացրել է վարչական շրջանում գործող բոլոր 4 մանկապարտեզներում հարմարավետ պայմանների ապահովումն ու վարչական շրջանի մարզադպրոցում իրականացված hիմնանորոգման աշխատանքները, ինչպես նաև շախմատի դպրոցի ստեղծումն ու կահավորումը: Նոր ու ժամանակակից պայմաններ են ապահովվել նաև վարչական շրջանի մշակութային միակ օջախում՝ Ռոբերտ Անդրեասյանի անվան երաժշտական դպրոցում, ինչի արդյունքում զգալիորեն ավելացել է դպրոց հաճախող սաների թիվը: Խոսելով 2018թ. ծրագրերի մասին` վարչական շրջանի ղեկավարը վստահեցրել է, որ թիմը պատրաստ է ամենօրյա աշխատանքով ու նույն հետևողականությամբ կյանքի կոչել Երևանի հնգամյա զարգացման ծրագրի մասը կազմող այս տարվա ծրագրերը ևս: «Պարոն քաղաքապետ, Նորք-Մարաշ վարչական շրջանում համայնքային ծրագրերով զգալի աշխատանքներ են տարվել նաև հանգստի գոտիների ստեղծման ուղղությամբ: Հաշվի առնելով, որ մեզ մոտ հիմնականում սեփական տնատիրություններ են և չունենք բակային տարածքներ, բնակիչների կողմից հաճախակի էր բարձրացվում հանգստի գոտիներ ձևավորելու հարցը: Այսօր արդեն կարող ենք փաստել, որ վարչական շրջանի հնարավոր մի շարք հատվածներում բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Նորակառույց հանգստի գոտիներն ապահովված են զրուցատաղավարներով, նստարաններով, խաղահրապարակներով, մարզագույքով ու ֆուտբոլի դաշտով: Համոզված եղեք, որ այս տարի մեր վարչական շրջանում նախանշված բոլոր ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ ևս աշխատակազմը կլինի հետևողական», - նշել է Վաղինակ Մկրտչյանը: Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Նորք-Մարաշ վարչական շրջանի կատարած աշխատանքը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի ուշադրությունը հրավիրել է կանաչ գոտիների ընդլայնմանը: «Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման, էկոլոգիական վիճակի բարելավման ու կանաչապատման ոլորտում կայուն և շարունակական զարգացում ապահովելու նպատակով վերջին տարիներին մենք հետևողական քայլեր ենք կատարել մայրաքաղաքում: Ձեր զեկույցում անդրադարձաք նաև Նորքի բարձունքի անտառային գոտու հնարավոր վերականգնմանը, ինչն, անշուշտ, շատ կարևոր ու անհրաժեշտ է ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև ողջ քաղաքի համար: Գիտեք, որ անտառային այդ գոտին ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրինման ներքո է, ինչը հաշվի առնելով կառաջարկեմ ակտիվացնեք համագործակցությունը «Հայանտառի» հետ, բազմակողմանի քննարկեք այս հարցն ու ներկայացնեք համապատասխան առաջարկ և նախագիծ: Համոզված եղեք, որ մեր լիազորությունների շրջանակում մենք պատրաստ ենք ըստ ամենայնի աջակցել, որպեսզի համատեղ վերականգնենք ու ընդլայնենք անտառային այդ գոտին: Բնականաբար դա մեկ տարում լուծելու խնդիր չէ, ինչը չպետք է որևէ մեկիդ հիասթափեցնի: Կարևորը մեկնարկը տալն է ու, վստա՛հ եմ, որ ծրագիրը որոշակի փուլերի բաժանելու արդյունքում մենք ի վերջո կվերականգնենք անտառային այդ գոտին», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Անդրադառնալով զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ենթակառուցվածքների ստեղծմանն ու ներդրումային դաշտի ակտիվացմանը` Երևանի քաղաքապետը նկատել է, որ զբոսաշրջության զարգացման հարցում Նորք-Մարաշ վարչական շրջանն իսկապես ունի մեծ ներուժ: «Հատկապես Նորքի բարձունքը, որտեղից հնարավորություն կա տեսնելու ամբողջ քաղաքը, շահեկանորեն առանձնացնում է Նորք-Մարաշ վարչական շրջանի զբոսաշրջային հնարավորությունները: Վերջին տարիներին նկատվում է նաև զբոսաշրջիկների հետաքրքրության աճ, նաև այս ու քաղաքի կենտրոնին մոտ լինելու հանգամանքով պայմանավորված, ինչը լավ հնարավորություն է շահագրգռելու շահավետ ներդրումներ ներգրավելու համար: Սա հաշվի առնելով էլ հանձնարարականս է վարչական շրջանի աշխատակազմին, որ առավել ակտիվ համագործակցություն ծավալեք մասնավոր հատվածի հետ: Պետք է հետևողական քայլեր տարվեն ներդրումային ծրագրերի իրականացման, հյուրանոցների ու հյուրատների կառուցման և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Շահագրգիռ բոլոր կողմերը պետք է վստահ լինեն, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմը կանգնած է իրենց կողքին և պատրաստ է իր լիազորությունների շրջանակում անել հնարավորը՝ ներդրումային ծրագրերի կյանքի կոչման համար»,- նշել է քաղաքապետը:

Նմանատիպ նյութեր