211652_close_icon
views-count2097 դիտում article-date 23:22 05-02-2018

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել համայնքային հետազոտությունների պայմանագրերի կնքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարության և գիտական գործընկեր կազմակերպությունների միջև տեղի ունեցավ 2018թ. թեմատիկ պատվերների իրականացման վերաբերյալ պայմանագրերի կնքման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով ներկաներին՝ նա մասնավորապես նշեց. «Շնորհակալ եմ արդյունավետ համագործակցության համար: Ինչպես գիտեք, Սփյուռքի նախարարությունն ամեն տարի դրամաշնորհներ է տրամադրում գիտական հաստատություններին՝ իրավագիտական, լեզվաբանական, ցեղասպանագիտական, պատմագիտական ու սփյուռքագիտական հետազոտությունների համար : Այս ուսումնասիրությունները խիստ անհրաժեշտ են նախարարության ռազմավարությունը, սփյուռքի համայնքների հետ ճիշտ աշխատելու մարտավարությունը մշակելու համար»: Նա նաև հավելեց, որ 2017թ. պատվիրված բոլոր հետազոտություններն իրականացվել են, և առաջիկայում կկազմակերպվեն այդ աշխատանքների շնորհանդեսները: Նախարարը ներկայացրեց 2018թ. պատվիրված հետազոտությունների թեմաները, կարևորեց, արևմտահայերենի ավելի խոր ուսումնասիրությունը, քերականության կանոնակարգումը, ինչպես նաև՝ Հյուսիսային Կովկասի, Իրաքի, Թեհրանի, Լոս Անջելեսի, Բեյրութի, Փարիզի, Թբիլիսիի հայ համայնքների պատմական, էթնոսոցիոլոգիական համակողմանի ուսումնասիրությունը: Պայմանագրերի կնքման արարողությանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, «Նորավանք» ԳԿՀ տնօրեն Գագիկ Հարությունյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը, թուրքագետներ, սփյուռքագետներ, իրավաբաններ: Այնուհետև ներկաները մտքեր փոխանակեցին ծրագրի արդյունավետության, հետազոտությունների անհրաժեշտության, դրանց արդյունքների կիրառականության վերաբերյալ: Առաջարկներ հնչեցին 2018թ. գիտական հետազոտությունները հրատարակել դասական ուղղագրությամբ: Նախարարը շեշտեց, որ պատվիրված հետազոտությունները կարելի է բաժանել հինգ խմբի՝ պատմական և իրավական հարցերի հետազոտություններ, հայոց ցեղասպանության, հակահայկական քարոզչության վերաբերյալ ուսումնասիրություններ, արևմտահայերենի և քերականության կանոնակարգման գործընթացներ, գրական ստեղծագործությունների ամենամյա ժողովածուի կազմում և հրատարակում, որոնք նպաստում են Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր