211652_close_icon
views-count2004 դիտում article-date 16:27 03-02-2018

Վարչապետի մոտ քննարկվել են Երևանում խցանումների նվազեցմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր՝ փետրվարի 3-ին, տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևան քաղաքում խցանումների նվազեցման, ճանապարհային երթևեկության արդյունավետ կազմակերպման և բեռնաթափման հնարավորությունները: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է վարչապետի հանձնարարականի հիման վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքները և շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ մշակված առաջարկությունները, որոնք վերաբերում են Երևանի ճանապարհային ցանցի թողունակության բարձրացմանը, որոշ հատվածներում ավտոկայանատեղիների սահմանափակմանը, ճանապարհային երթևեկության կազմակերպմանը և հսկողության խստացմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև այլընտրանքային երթուղիների կառուցմանը: Անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին՝ ՀՀ ԿԱ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը զեկուցել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը շարունակում է երթևեկության կազմակերպման փոփոխություններ իրականացնել Երևանի խաչմերուկներում. որոշ խաչմերուկներում երթևեկությունը դարձել է շրջանաձև, և այս միջոցառումը շարունակական է, տրանսպորտային միջոցների կուտակումների և հապաղումների կանխման, խաչմերուկների արագ բեռնաթափման նպատակով կատարվել են կրկնակի հոծ գծանշման տեղափոխություն, աջ սեկցիայով լուսացույցների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ և այլն: Շարունակվում է խաչմերուկների ավտոմատ կառավարման գործընթացը. 50 խաչմերուկ կառավարվում է էլեկտրոնային համակարգի միջոցով, նախատեսվում է ևս 60 խաչմերուկի կարգավորում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ բավական արդյունավետ է թարթող լուսացույցների տեղադրման միջոցով հետիոտնային անցումների ձևավորումը, և Երևանում 110 կետերում նմանատիպ լուսացույցների տեղադրումը ևս կնպաստի ճանապարհային հոսքերի կարգավորման խնդրի լուծմանը: Վարչապետն առաջարկել է Երևանի քաղաքապետին՝ շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ որպես կարճաժամկետ լուծումներ դիտարկել և համատեղ աշխատել փողոցի հատումը կարգավորող լուսացույցների թվի ավելացման, հարակից ճանապարհահատվածներում երկրորդ երթևեկելի գոտում կայանման նկատմամբ վերահսկողության խստացման, կայանման ժամերի սահմանափակման, Երևանում միջպետական և միջմարզային սկզբնակետերի արդյունավետ տեղաբաշխման և այլ ուղղություններով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր