«Զինուժ» ստուդիան, «Հայ զինվորը» և «Սպայի տունը» կմիավորվեն. կստեղծվի «Զինուժ մեդիա»
Կառավարությունն այսօր որոշել է՝ ՊՆ լրատվական դաշտում առկա խնդիրների լուծմամբ և մասնագիտական գործունեության էական բարեփոխմամբ պայմանավորված, ստեղծել «Զինուժ մեդիա» պետական հիմնարկ:
Հիմնարկի գործունեությունն ուղղված է լինելու բանակ-հասարակություն կապի զարգացմանն ու ամրապնդմանը, երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը, ազգային ինքնագիտակցության բարձրացմանը, տեղեկատվական ոլորտում պատասխանատու ստորաբաժանումների հետ փոխգործակցությանը, հավանական հակառակորդի տեղեկատվական ազդեցության գնահատմանը և այլն:
Լրատվական արտադրանք և մշակութային ծրագրեր ապահովող ստորաբաժանումները, մասնավորապես` «Զինուժ» ստուդիան, «Հայ զինվոր» և «Սպայի տուն» պետական հիմնարկները կմիավորվեն և կգործեն մեկ տարածքում:
Ըստ հիմնավորման՝ միասնական լրագրողական թիմի ստեղծումը կենտրոնացված խմբագրման համակարգով, անհամեմատ կհեշտացնի ամբողջ կառույցի աշխատանքը թե՛ բովանդակային, թե՛ օպերատիվության առումով` դրական ազդելով տեղեկատվական արտադրանքի որակի վրա: