Մեծահարուստն իր ինքնաթիռը վարչապետին է տրամադրել արտոնություններ ստանալու ակնկալիքով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դավոսի տնտեսական համաժողովին վարչապետ Կարեն Կարապետյանը մեկնել էր առանձին ինքնաթիռով: Եվ երբ վարչապետն անձամբ սոցիալական ցանցում հրապարակեց ինքնաթիռի սրահից լուսանկարներ, աղմուկ բարձրացավ: Կառավարությունից էլ շտապեցին պարզաբանել, թե դա մասնավոր ինքնաթիռ է, որի վարձակալության համար ՀՀ պետական բյուջեից որևէ գումար չի հատկացվել: Թվում է՝ այսպես փորձել են Կարեն Կարապետյանին փրկել տհաճ իրավիճակից, որպեսզի կառավարության ղեկավարին չմեղադրեն պետական բյուջեի միջոցների հաշվին շռայլ ծախսեր անելու մեջ:
Բայց արի ու տես, որ արդյունքում շատ ավելի վատ իրավիճակ է ստացվել. հիմա վարչապետին կարող են պաշտոնեական դիրքի չարաշահման ու կոռուպցիոն ռիսկերի մեջ թաթախվելու մեղադրանք ներկայացնել: Պարզ է, որ այս ինքնաթիռի սեփականատերը մեծահարուստ է, որովհետև ամեն մարդ հնարավորություն չունի ունենալու նման փոխադրամիջոց: Ու կարելի է ենթադրել` այդ մեծահարուստն իր ինքնաթիռը ՀՀ վարչապետին է տրամադրել Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնելու արտոնություններ ստանալու ակնկալիքով:
Համենայն դեպս, վարչապետին այսպես մատուցել են մեծ, շատ մեծ ծառայություն, որը հազիվ թե անեին, եթե գործ ունենային Կարեն Կարապետյան անձի, ոչ թե վարչապետի հետ: Ու հիմա այդ մեծ ծառայություն մատուցած անձը կարող է իրեն թույլ տալ ՀՀ վարչապետից որպես փոխհատուցում պահանջել ամենատարբեր բնույթի արտոնություններ:
Ճիշտ է` «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` կառավարության լրատվական ծառայությունից պարզաբանել են. «Չենք կարծում, որ նման խնդիրներ ծագեն»: Բայց, դե, աշխարհի շատ երկրներում պաշտոնյաները հրաժարական են տվել այսպիսի դեպքերից հետո»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]