ՀՀ գլխավոր դատախազն ու ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը քննարկել են քրեաիրավական ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թիմուր Ուրազաևին:
Դատախազությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով քրեաիրավական ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները:
Կարևորվել է հատկապես ԵԱՏՄ շրջանակներում մարդկանց, էլեկտրոնային ծառայությունների ազատ տեղաշարժի պայմաններում քննությունից խուսափող անձանց հայտնաբերելու և նախատեսված ընթացակարգերով միմյանց հանձնելու գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը:
Բարձր գնահատելով երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ծավալվող գործընկերային հարաբերությունները՝ կողմերն անդրադարձել են նաև ՀՀ և ՂՀ դատախազությունների միջև քրեական գործերով իրավական փոխօգնությանը, հանցավորության դեմ պայքարում առավել սերտ գործակցությանն առնչվող՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին: