Չինաստանի ափերի մոտ այրվող իրանական տանկերը խորտակվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իրանական Sanchi նավթային տանկերը, որը ավելի քան մեկ շաբաթ այրվում էր Չինաստանի ափերի մոտ բեռնանավի հետ բախումից հետո, խորտակվել է:
Միջադեպը հետաքննող հանձնաժողովի ներկայացուցիչ Մոհամադ Ռաստադը հայտնել է, որ տանկերում գտնվել էին Իրանի 30 և Բանգլադեշի 2 քաղաքացի: Նրանք բոլորն էլ զոհվել են բախմանը հաջորդած պայթյունից և թունավոր գազերի արտահոսքից անմիջապես հետ:
Ներկա պահին փրկարարներին հաջողվել է գտնել միայն երեք նավաստիի մարմինները: Տանկերը մոտ 1 միլիոն բարել նավթ էր տեղափոխում, որոնք շարունակել են այրվել և պայթել:
Հերթական պայթյունից հետո նավի առաջնամասը փշրվել է և այն խորտակվել է: Ջրային տարածքում մոտ 10 քառակուսի կիլոմետր մակերեսով նավթային շերտ է առաջացել, ինչը լրջորեն կարող է ազդել Արևելա-Չինական ծովի էկոլոգիայի վրա:
Նշենք, որ Sanchi տանկերը հոնկոնգյան Crystal բեռնանավի հետ բախվել էր հունվարի 6-ին: