4951 դիտում
17:47 14-12-2017
ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարին
Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է ապօրինի ծառահատումների դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության վիճակը, որի արդյունքում պարզվել են հատկապես տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին՝ այդ թվում ապօրինի ձեռնարկատիրությանը նպաստող մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես վերլուծությունը ցույց է տալիս, որ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հատկանիշներով քննված բազմաթիվ քրեական գործերի հարուցման առիթ է հանդիսացել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությանը ենթակա ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ճանապարհներին ստուգվող՝ փայտանյութով բեռնված ավտոմեքենաների վարորդների կողմից փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը: Դրա ընթացքում ի հայտ են եկել նույն անձի կողմից, առանց պետական գրանցման և հաշվառման, կարճ ժամանակահատվածում մեծ քանակի՝ ընդհուպ մինչև 15-20 անգամ, տարբեր ծավալի փայտանյութ ձեռք բերելու և այլ մարզերում իրացնելու մասին փաստական տվյալներ: Նման դեպքերը, որոնց մի մասով ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հատկանիշներով քրեական գործեր են հարուցվել, եզակի բնութ չեն կրում:
Մարզի վարչական տարածքում բնապահպանական իրավախախտումների փաստերի առթիվ հարուցված քրեական գործերի և նյութերի ուսումնասիրությամբ ընդգծվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող անձանց շրջանակը, ինչի մասին իրազեկված են նաև անտառային տնտեսություն վարող կազմակերպությունների պաշտոնատար անձինք: Չնայած դրան՝ նույն անձանց փայտանյութի վաճառքի գործընթացը շարունակվում է, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում նոր հանցագործություններ կատարելու համար:
Ոլորտը կարգավորող «Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 24-ի որոշմամբ սահմանված դրույթները հնարավորություն են տալիս բավարարել բնափայտի ձեռք բերման վերաբերյալ նույն անտառօգտագործողի կողմից ներկայացված հայտերը նույնիսկ այն դեպքում, երբ ի սկզբանե ակնհայտ է, որ վերջինս այն ձեռք է բերում ոչ թե սեփական կարիքների, այլ՝ վերավաճառելու նպատակով:
Պատճառն այն է, որ նշված իրավական ակտում հստակեցված չեն այն չափորոշիչները, որոնք կարող էին վկայել հայտում նշված տեղեկությունների «ակնհայտ կեղծ» կամ «խեղաթյուրված» լինելու մասին և հիմք հանդիսանալ բնափայտի և երկրորդական անտառանյութի մթերման հայտերը մերժելու համար: Այդ հանգամանքից օգտվում են ինչպես անտառային տնտեսություն վարող կազմակերպությունների պաշտոնատար անձինք, այնպես էլ՝ հայտ ներկայացրած անտառօգտագործողները:
Բնափայտի ձեռքբերման նպատակով հայտերը «ակնհայտ կեղծ» կամ «խեղաթյուրված լինելու» հանգամանքը գնահատվում է անտառային տնտեսություն վարող կազմակերպությունների կողմից: Սակայն իրավական ակտում այդ չափորոշիչների բացակայության պայմաններում հաճախ դրանց տրվում են առավել տարածական կամ նեղ մեկնաբանություններ, ինչը զգալիորեն մեծացնում է կոռուպցիոն ռիսկերը:
Նկատի ունենալով, որ նշված ոչ հստակ իրավակարգավորումները, խախտումները հանդիսանում են հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքներ, իսկ վերջիններս վերացնելու ուղղությամբ անտառային տնտեսություն վարող կազմակերպությունների պաշտոնատար անձինք որևէ միջոց չեն ձեռնարկում՝ ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարին: Մարզի դատախազն առաջարկել է միջոցներ ձեռնարկել վերոնշյալ խախտումների պատճառները պարզելու, անտառային տնտեսություն վարող կազմակերպություններից փայտանյութ գնելու գործընթացն ավելի կանոնակարգելու և վերահսկելի դարձնելու, լիազոր մարմնի կողմից պետական և համայնքային անտառներում բնափայտի մթերման կարգի պահանջները խստորեն պահպանելու, ինչպես նաև ոլորտը կանոնակարգող իրավական ակտերում փոփոխություններ նախաձեռնելու ուղղությամբ:
[b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
2270 դիտում
22:37 27-01-2022
Ընտրական հանձնաժողովի անդամի կեղծ վկայականներ՝ Լոռու մարզում. Մարզի դատախազը ԿԸՀ-ին միջնորդագիր է հասցեագրել
8655 դիտում
09:31 16-02-2018
Կոտայքի դատախազը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել մարզպետին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
763 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
634 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
436 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը