211652_close_icon
views-count3090 դիտում article-date 19:45 12-12-2017

«Երեք ընկեր».ամենաընթերցվող վեպը հայերեն թարգմանությամբ գրքասերների սեղանին է

Աշխարհում ամենաընթերցվող ու ամենասիրելի վեպերից մեկը՝ հայտնի գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր»-ը թարգմանվել է հայերեն: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին, ժամը 16:00 Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: Վեպը թարգմանվել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ, գերմաներենից թարգմանությունը՝ Վանուհի Բաղմանյանի: Վեպն ունեցավ հրապարակման որոշակի խնդիրներ՝ պայմանավորված թե՛ հեղինակով, որի գրքերը 1933-ին հրապարակավ այրեցին նացիստները՝ Ռեմարկին ֆրանսիական հրեաների ժառանգորդ համարելով, թե՛ դրանում արծարծված թեմաներով, որոնք բողոքի ինքնատիպ ձև են Առաջին աշխարհամարտի սոսկալի հետևանքների, գործազրկության, կարիքի դեմ: 1933-ին Ռեմարկը ներկայացրել է վեպի միայն մաքրագիրը՝ «Պատ» վերնագրով, իսկ «Երեք ընկեր» վերնագրով վեպը հրատարակվեց միայն 1936-ին, թարգմանվեց ռուսերեն, ֆրանսերեն, մինչդեռ գերմաներեն հրապարակվեց միայն 1951-ին: Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին պատմություն է: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերներն ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքներն և ճակատագրերը շատ նման են իրար: Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը համաշխարհային գրականության գլուխգործոցներից է: Այն ամբողջովին կենսասիրության մղում է: Աչքի է ընկնում խորության բազմաշերտությամբ, որը սիրելի է դարձնում այս գիրքը յուրաքանչյուր ընթերցողի համար: Սա գրականության այն բացառիկ նմուշներից է, որը երբևէ չի կարող ժամանակավրեպ դառնալ:

Նմանատիպ նյութեր