Նախատեսվում է կանոնակարգել սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայումը
Գործադիրը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Նախագծով սահմանվող կարգավորումների արդյունքում նախատեսվում է կանոնակարգել սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների` կարաոկեի, դիսկոտեկի, հեստապարային ակումբի, բաղնիքի և սաունայի տեղակայումը:
Նախագծով սպառողների ժամանցի և հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված որոշ ծառայությունների կազմակերպման կանոնակարգման և հասարակական կարգի պահպանության ուժեղացման նպատակով նախատեսվում է կանոնակարգել բազմաբնակարան շենքերում գործող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեությունը, մասնավորապես` վերջիններիս տեղակայումը:
Նախատեսվում է ամրագրել դրույթ, համաձայն որի սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում տեղակայելն արգելվում է:
Կսահմանվի նաև դրույթ, համաձայն որի սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը: