211652_close_icon
views-count3438 դիտում article-date 12:07 30-11-2017

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկվել են հայ-ֆրանսիական տնտեսական փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև Էմանուել Մակրոնի սպասվող այցը Հայաստան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին՝ քննարկելու հայ-ֆրանսիական տնտեսական փոխգործակցության հեռանկարները։ Նախարար Կարայանը նշել է, որ հայ-ֆրանսիական առևտրատնտեսական կապերը քաղաքական երկխոսության մակարդակին հասցնելու համար երկուստեք լուրջ աշխատանք է պետք տանել՝ օգտագործելով չիրացված ներուժը։ Ժոնաթան Լաքոտն իր հերթին համոզմունք է հայտնել, որ հայ ֆրանսիական հարաբերությունների, այդ թվում՝ տնտեսական համագործակցության խթանման համար էական նշանակություն ունեն նախօրեին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և Հայաստանի կողմից Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահության ստանձնումը։ Դեսպանն այս համատեքստում կարևորել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի սպասվող այցը Հայաստան։ Ժոնաթան Լաքոտի խոսքով՝ Հայաստանում ներկայացված ֆրանսիական բիզնեսն ընդլայնվելու մտադրություն ունի։ Դեսպանը հավելել է, որ արդեն իսկ հասցրել է հանդիպել որոշ ներդրողների հետ, և կարող է փաստել, որ ֆրանսիացիները ցանկանում են ներդրում կատարել Հայաստանում՝ հաշվի առնելով նաև Հայաստանի արտահանման հնարավորությունները դեպի եվրոպական, եվրասիական և իրանական շուկաներ։ Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ շուտով կբացվի Մեղրիի ազատ տնտեսական գոտին, ինչը կարող է ֆրանսիական բիզնեսի գործունեության համար նոր հնարավորություններ ստեղծել։ Նախարարը ևս համոզմունք է հայտնել, որ Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը կարևոր ազդեցություն կունենա երկու երկրների տնտեսական հարաբերությունների վրա։ Նախարարի խոսքով՝ այն էլ ավելի մեծ վստահություն կներշնչի եվրոպացի և մասնավորապես ֆրանսիացի գործարարներին Հայաստանում գործունեություն ծավալելու համար՝ հաշվի առնելով նաև այն բարեփոխումները, որոնք Հայաստանը իրականացրել և շարունակելու է իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագրի շրջանակներում ևս։ «Մենք պատրաստ ենք լինել Հայաստանում գործող ֆրանսիական բիզնեսի կողքին, աջակցել նրան և բոլոր ջանքերն ուղղել այնպիսի միջավայրի և պայմանների ապահովմանը, որոնք անհրաժեշտ են ֆրանսիացի գործարարներին Հայաստանում գործունեություն իրականացնելու համար», - նշել է նախարար Կարայանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր