2911 դիտում
20:40 27-11-2017
ՀԵՀ-ն իրականացնում է Հայաստանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորման մատչելիության ապահովման ծրագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ առողջապահության նախարարությունում նոյեմբերի 27-ին տրվեց Հայաստանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ ինքնաթեստավորման փուլի մեկնարկը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ Միացյալ ծրագրի ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ իրականացնում է «Հայաստանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորման մատչելիության ապահովում` ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի նպատակներին հասնելու ճանապարհին» ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերի և Երևանի մոտ 30 000 երիտասարդ/միգրանտ իրազեկվում/կրթվում է ՄԻԱՎ-ի, վերջինիս կանխարգելման վերաբերյալ, կարևորում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը, տեղեկանում ինքնաթեստավորման հնարավորության մասին: Արդյունքում 15 000 երիտասարդ/միգրանտ կինքնաթեստավորվի ՄԻԱՎ-ի վերաբերյալ և կիմանա իր ՄԻԱՎ կարգավիճակը:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կարևորեց այս նախաձեռնությունը, քանի որ այն բարձրացնում է քաղաքացիների ինքնագիտակցումը։ Նախարարը նշեց, որ այսօր հիվանդների 40 տոկոսը չգիտի իր հիվանդության մասին, ՜և խնդիր է դրված, որպեսզի կրճատվի այդ տոկոսը, մեծացվի իրազեկված, լիարժեք բուժում տացող մարդկանց թիվը։
ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ ծրագրի հիմնական նպատակն է հասարակությանն իրազեկել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին։ Կարեն Ավագյանը նշեց, որ ինքնաթեստավորումը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտման նորարարական ու առաջադեմ մեթոդ է, որը հնարավորություն է տալիս մարդուն հաշված րոպեների ընթացքում ինքնուրույն հետազոտվել իր համար ցանկալի ու հարմար վայրում, օրվա ցանկացած պահին, միայնակ կամ այն անձի հետ, որին վստահում է և իմանալ ՄԻԱՎ կարգավիճակը: Պարոն Ավագյանի տեղեկացմամբ՝ ինքնաթեստավորման մեթոդը Հայաստանում առաջին անգամ է կիրառվում։ «Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր մարդ իր առողջական կարգավիճակը պետք է իմանա, և այսօր հնարավորություն ունենք այդ խնդիրը լավագույնս լուծել՝ ինքնաթեստավորման միջոցով»,- ասաց պարոն Ավագյանը՝ ավելացնելով, որ թեստերն անվճար բաժանվելու են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Երևանի և մարզերի գրասենյակներում նրանց, ոքվեր կցանկանան ինքնաթեստավորվել։
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լենա Նանուշյանը նշեց, որ 2016թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընթացքում բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, ստորագրել են քաղաքական հռչակագիր, որով պարտավորվել են մինչև 2030 թվականը վերջ դնել ՁԻԱՀ-ի համաճարակին ամբողջ աշխարհում, սակայն դրան հասնելու համար երկրները պետք է որոշակի միջոցառումներ իրականացնեն։ Ինքնաթեստավորումն այդ մեթոդներից մեկն է, որը հնարավորություն կտա արագ տեմպերով հայտնաբերել բնակչության շրջանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց։ Այսօր աշխարհում 3 հիվանդից 2-ը գիտի իր կարգավիճակի մասին։ Նման իրավիճակ է նաև Հայաստանում. 60 տոկոսն է տեղյակ իր կարգավիճակի մասին։ Եվ բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ինքնաթեստավորման առկայության դեպքում հետազոտվողների թիվը կարող է աճել։
Լենա Նանուշյանը նշեց, որ ինքնաթեստավորումը նպատակ չունի փոխարինելու այն թեստավորման համակարգերին, որոնք առկա են առողջապահության ոլորտում։ Եվ ինքնաթեստավորման դրական արդյունքի դեպքում պետք է ապահովվի կապը հիվանդի և ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի միջև, որպեսզի այնտեղ հաստատվի ախտորոշումը, և անձը բուժում ստանա։ Լենա Նանուշյանի տեղեկացմամբ՝ բուժում ստացող անձի արյան մեջ վիրուսի ծանրաբեռնվածությունն այնքան է նվազում, որ նա այլևս վարակիչ չի լինում այլ մարդկանց համար, ինչը ևս մեկ քայլ է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակը հաղթահարելու ուղղությամբ։
Ծրագրի շրջանակներում պատրաստվել է նաև սոցիալական հոլովակ, որով կոչ է արվում մարդկանց ինքնաթեստավորվել և իմանալ իրենց կարգավիճակը։ Հանդիպման ընթացքում ցուցադրվեց այդ հոլովակը։
Ի դեպ, հրավիրված միջոցառումն ավարտվեց ինքնաթեստավորմամբ. առաջին մարդը, որ ինքնաթեստավորվեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն էր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
960 դիտում
17:22 28-11-2014
ՀԵՀ-ը մի շարք հանդիպումներ անցկացրեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա շրջանակներում
2894 դիտում
21:16 31-08-2016
Սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման կոչին այսօր միացավ ևս մեկ բժշկական կենտրոն
Այս բաժնից
505 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
442 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ