Ցանկացած պարագայում պետք է լինել և մնալ ազգասեր ու հայրենասեր մարդ. Լեգենդար Կոմանդոսը հյուրընկալվել է Ֆինանսատնտեսագիտական քոլեջում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 16-ին, ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջում հյուրընկալվեց Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:
«Ռազմահայրենասիրական դաստիրակությունը քոլեջում ամուր հիմքերի վրա է դրված, իսկ այս օրը ոչ միայն լավ դաս է քոլեջականների համար, այլև հիշարժան ու պատմական օր բոլորիս համար, քանզի այսօր հյուրընկալել ենք մի մարդու, ով իր անգնահատելի ավանդն է ունեցել մեր պատմական հաղթանակների կերտման գործում»,- ողջունելով ներկաներին նշեց քոլեջի տնօրեն Սերգեյ Խառատյանը:
Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը նախ շրջեց բուհի տարածքում, ծանոթացավ նախնական զինվորական պատրաստության առարկայի դասավանդման պայմաններին, այնուհետև ներկա գտնվեց քոլեջականների կազմակերպած միջոցառմանը, որտեղ ուսանողները ներկայացրին շարային պատրաստության ցուցադրություն և փորձեցին իրենց հմտությունը զենքի քանդել-հավաքելու աշխատանքում:
Հանդիպումը շարունակվեց ռազմական պատրաստության լսրանում, որտեղ Արկադի Տեր-Թադևոսյանը ներկաներին պատմեց իր կյանքի ամենահետաքրքիր իրադարձությունների, Արցախյան հերոսամարտի օրերին պատահած պատերազմական դեպքերի ու դրվագների մասին՝ հիշելով մարտական ընկերներին և պատերազմի դժվարություններն ու դրան հաջորդած հաղթանակի բերկրանքը:
«Դուք որպես ապագա տնտեսագետներ և ֆինանսիստներ, պետք է քաջ գիտակցեք, որ այսօրվա պատերազմը նաև ձեր ձեռքերում է, և դուք պետք է ապահովեք երկրի տնտեսական զարգացումն ու հզորացումը»,- իր խոսքը եզրափակեց գեներալը:
Հանդիպման ավարտին Արկադի Տեր-Թադևոսյանը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին՝ կոչ անելով ցանկացած պարագայում լինել և մնալ ազգասեր և հայրենասեր մարդ: