Հանդբոլի միջազգային ֆեդերացիայում փոփոխություններ են կատարվել
Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Աննա Մելքոնյանը նոյեմբերի 11-ին և 12-ին Անթալիայում մասնակցել է միջազգային ֆեդերացիայի 16-րդ համաժողովին: Օրակարգում գլխավորը գործադիր մարմնի ընտրություններն են եղել:
Միջազգային ֆեդերացիայի նախագահ, եգիպտացի Հասսան Մուստաֆան վերընտրվել է իր պաշտոնում: Նա նախագահի միակ թեկնածուն էր և կազմակերպությունը ղեկավարում է 2000 թվականից: Միջազգային փոխնախագահի պաշտոնում այսուհետև կղեկավարի Ժոել Դելպլանկը, որը նաև Ֆրանսիայի հանդբոլի ֆեդերացիայի նախագահն է:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Աննա Մելքոնյանը խոսեց համաժողովի մանրամասների մասին:
«Առանձին որոշումներ չեն կայացվել, որոնք վերաբերեն Հայաստանին: Սակայն, միջազգային ֆեդերացիան ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնեց աջակցելու թույլ և զարգացող երկրներին, այդ թվում Հայաստանին:
Համաժողովի ընթացքում մասշտաբային փոփոխություններ քիչ կատարվեցին: Գլխավոր փոփոխությունն այն է, որ այսուհետ հինգ մայրցամաքային կոնֆեդերացիաների փոխարեն (Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Պանամերիկա, Օվկիանիա) լինելու են վեցը:
Պանամերիկան բաժանվեց երկու կոնֆեդերացիաների՝ Հյուսիսային Ամերիկա և Կարիբյան, ինչպես նաև Հարավային և Կենտրոնական Ամերիկա: Այս որոշմանը դեմ էին հատկապես այդ երկրների ներկայացուցիչները:
Սակայն, միջազգաին ֆեդերացիայի նախագահը մի փոքր բացեց փախագծերը և որոշակի պարզաբանումներ արեց: Հասսան Մուստաֆան ասաց, որ Պանամերիկյան կոնֆեդերացիային տրամադրվել են հսկայական գումարներ, սակայն մարզաձևը չի զարգացել տվյալ տարածաշրջանում, իսկ իրենք չեն ստացել հաշվետվություն: Այդ գոտում ուժեղագույնները շարունակում են մնալ Բրազիլիան, Արգենտինան և Չիլին, իսկ մյուսները թույլ զարգացած են:
Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի անդամ դարձան նաև Անգլիան, Շոտլանդիան և Ֆիջին: ևս մեկ նոր որոշում ընդունվեց: Նորվեգիան առաջարկեց, որ յուրաքանչյուր հանձնաժողովում ավելանա լրացուցիչ անդամ, որն անպայման պետք է իգական սեռի ներկայացուցիչ լինի:
Չնայած Հասսան Մուստաֆան չէր խրախուսում այս միտքը՝ քվեարկության արդյունքում այն ընդունվեց: Այս որոշումը 2016 թ. ընդունել էր նաև Եվրոպայի ֆեդերացիան՝ կրկին Նորվեգիայի առաջարկով»,- ասաց Աննա Մելքոնյանը:


