211652_close_icon
views-count10315 դիտում article-date 18:42 25-10-2017

Ով ի վիճակի է ծառայության, պետք է ծառայի. Վիգեն Սարգսյան

«Ես բավական ճկուն եմ քաղաքականություն մշակելիս և արել եմ ամեն ինչ, որ բոլորի ձայնը լսելի լինի»,- ԱԺ-ում այսօր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և հստակեցրեց, որ իրենք ընդամենն իրավական դաշտն են ձևավորում, բայց նախատեսված է, որ ծառայության պայմանները և կանոնները պետք է սահմանվեն կառավարության կողմից: «Կարող ենք լրացուցիչ դեպքեր քննարկել՝ գիտությամբ զբաղվող առանձնահատուկ հաջողության հասած երիտասարդ գիտնականների ծառայության հատուկ պայմաններ ապահովելու համար: Բայց մեր քաղաքականությունը ելնում է նրանից, որ պետք է ծառայեն բոլորը. ով ի վիճակի է ծառայել որպես սպա՝ բարձրագույն կրթություն ունեցող կամ գիտական ներուժ ունեցող մարդը կարող է ծառայել որպես սպա, ով չի ցանկանում, ուզում է արագ երկու տարի շարքային ծառայություն անցնել, կարող է այդ տարբերակն ընտրել: Որևէ պարտադրանք այս քաղաքականություններն իրենց մեջ չեն պարունակում, ընդամենը լրացուցիչ հնարավորություն է տալիս ընտրելու, թե ինչ ձևով է քաղաքացին իր սահմանադրական պարտքը կատարելու»,- ասաց նախարարը: Վիգեն Սարգսյանն անձամբ իր օրինակը բերեց, որ իր պարտքը կատարել է որպես սպա: «Որովհետև այդ պահին ունեցել եմ երեք բարձրագույն կրթություն, թեև ունեցել եմ հնարավորություն այդ կրթությունով աշխատել բազմաթիվ միջազգային կազմակերպություններում, որի համար մեր օրենքները տալիս էին տարկետում, բայց ես ընտրել եմ ԶՈւ-ում որպես սպա ծառայելու տարբերակը և հպարտ եմ այդ տարիներով։ Համարում եմ, որ այդ 3 տարին ինձ շատ բան է տվել և գիտությունից էլ հետ չեմ մնացել առանձնապես, որովհետև դրանից հետո մեծ ոգևորությամբ դասավանդել եմ տարբեր մագիստրոսական ծրագրերում: Թեև ժամանակ չեմ ունեցել թեկնածուական թեզ պաշտպանել, բայց թեզերի հեղինակներին ինչ-որ առումով չեմ էլ զիջում՝ քաղաքական գիտությունների և միջազգային հարաբերություների հարցերում: Դա է իմ մոտեցման առանցքը, իսկ մնացածը կարելի է քննարկել»,- ասաց նախարարը:

Նմանատիպ նյութեր