211652_close_icon

ՀՀ ձեռքբերումները աղետի ռիսկի կառավարման ոլորտում տեսանելի և շոշափելի են. ԱԻ նախարար

views-count2147 դիտում article-date 16:48 13-10-2017
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի ղեկավար Պաոլա Ալբրիտոյին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման, կանխարգելման, աղետների հետևանքների վերացման մեխանիզմների և մեթոդաբանության կատարելագործման հնարավորությունները՝ կիրառելով այս բնագավառում եվրոպական լավագույն փորձը: Իր խոսքում ԱԻ նախարարը նշեց, որ պետության համար ավելի քիչ ծախսատար, բայց և ավելի արդյունավետ է գումար ներդնել աղետների կանխարգելման գործընթացում, քան աղետից հետո վերացնել վերջինիս հետևանքները: Այս համատեքստում կողմերը կարևորեցին հոկտեմբերի 13-ին «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» եռօրյա միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ազգային ժողովում կայանալիք լսումները՝ «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով: Սա կարող է հաջողված սկիզբ դառնալ աղետների կանխարգելման մշակույթը նաև օրենսդրական դաշտում ձևավորելու համար: Կողմերը քննարկեցին նաև աղետների ռիսկի նվազեցման ռազմավարությունը տարածաշրջանային և պետական մակարդակներից համայնքային մակարդակներում ներդնելու հիմնախնդիրը՝ նշելով, որ յուրաքանչյուր համայնքի համար կենսականորեն անհրաժեշտ է ունենալ աղետների ռիսկերի նվազեցման սեփական մարտավարությունը: Բարձր գնահատելով Հայաստանի փորձն աղետների ռիսկի նվազեցման ռազմավարության մշակման գործընթացում՝ Պաոլա Ալբրիտոն նշեց, որ տարածաշրջանային մակարդակում Հայաստանն այս հարցում, անշուշտ, առաջատարներից է: Հանդիպման ավարտին ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի ղեկավարն այցելեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալու «911» ծառայության գործառույթներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր