211652_close_icon
views-count19264 դիտում article-date 09:38 12-10-2017

Մոնումենտի «ոգին»․ Վարչապետը հաստատում է՝ դղյակի տերն ինքն է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նախօրեին հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ անդրադառնալով Մոնումենտի անտառում դղյակի կառուցմանը, որը շրջանառվող տեղեկությունների համաձայն` պատկանում է վարչապետ Կարեն Կարապետյանին: «Համացանցում տարածված լուրերի համաձայն՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկին հարող տարածքում, որն ի դեպ հանրային տարածք է և հանդիսանում է Մոնումենտի անտառի բաղկացուցիչ մաս, ամրոց-դղյակի հսկայածավալ կառուցապատումն իրականացվում է ձեր կողմից»,- վարչապետին հասցեագրված իր հրապարակային հարցման նախաբանում նշել էր Զարուհի Փոստանջյանը, ապա Կարեն Կարապետյանին հասցեագրել էր մի շարք կոնկրետ հարցեր` երազե՞լ է վերջինս հանրային ջանքերով, հանրային միջոցների հաշվին և հանրային տարածքում` Մոնումենտի անտառում ունենալ դղյակ-ամրոց, որքա՞ն է արժեցել ձեռք բերված հողի գինը, որքա՞ն գումար է կազմել դղյակ-ամրոցի գինը, այդ դղյակ-ամրոցը ստացե՞լ է իրավունքի պետական գրանցում, եթե այո, ապա որքա՞ն է կազմում հողի և գույքի նրա տարեկան հարկը, ինչպիսի՞ ծառայություն է իրականացնում ՀՀ ոստիկանությունն այդ տարածքում և ի՞նչ հիմունքներով, որքա՞ն գումար է կազմում ոստիկանության կողմից իրականացվող այդ ծառայությունը: «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավարի հրապարակած բաց նամակը հասարակական լայն հնչեղություն էր ստացել` հաշվի առնելով այն փաստը, որ Կարեն Կարապետյանին ներկայացվում են, ըստ էության, կոռուպցիոն մեղադրանքներ, որոնք, մեղմ ասած, հարիր չեն «նոր ոգու» նրա կերպարին, համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների այն խոստումներին, որոնք հնչեցվում են վարչապետի և նրա շրջապատի կողմից: Նախօրեին ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը «Մեդիամաքսի» խնդրանքով մեկնաբանել է Զարուհի Փոստանջյանի վերջին հայտարարությունները և, ըստ էության, հաստատել է, որ Մոնումենտի այգում կառուցվող դղյակը կապ ունի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Մամուլի քարտուղարը, իհարկե, արձանագրում է, որ նշված տարածքի սեփականատերը հանդիսանում է վարչապետ Կարեն Կարապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Կարապետյանը, որը 2011 թվականին գնել է հարակից երեք հողատարածք: Սակայն ենթադրում ենք, որ այս պարագայում գործ ունենք հայկական քրեաօլիգարխիային բնորոշ ձեռագրի հետ, երբ, ինչպես մի առիթով նշել էր Սերժ Սարգսյանը, ամեն բան «թղթով նորմալ» է: Այսինքն՝ ենթադրում ենք, որ կառուցվող դղյակն իրականում պատկանում է հենց Կարապետյանին, պարզապես ձևակերպված է եղբոր անունով: Հակառակ պարագայում` չէր հետևի վարչապետի գրասենյակի նման օպերատիվ արձագանքը Զարուհի Փոստանջյանի նամակին կամ էլ` տարածքը չէր հսկվի ոստիկանության կողմից: Հատկապես վերջին հանգամանքն ակնհայտ բացահայտում է դղյակի «Էլիտար» պատկանելիությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր