Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Լոռու մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի 1/19 շենքի բնակարաններից մեկում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության Ալավերդու թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ հրամանատար Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Մոսինայնի գլխավորությամբ։ Ժամանել են նաև էլեկտրոցանցի և «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցները։
Հրշեջ-փրկարարները մարել են թիվ 29 բնակարանում առաջացած հրդեհը և ոստիկանների ու քաղաքացիների հետ տարհանել են մուտքի բնակիչներին։
Իսկ նշված բնակարանի տիրոջը՝ 52-ամյա Երվանդ Սարգսյանին, հայտնաբերել են բնակարանում հատակին ուշագնաց վիճակում, ում տեղափոխել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի