211652_close_icon
views-count3626 դիտում article-date 16:20 05-10-2017

Բոստոնի հայկական անկախ ռադիոյի տնօրենը հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում

Սեպտեմբերի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բոստոնի հայկական անկախ ռադիոյի հիմնադիր, քաղաքի միակ հայկական կրթօջախի՝ «Սուրբ Ստեփանոս» վարժարանի համահիմնադիր Ժիրայր Ղարիբյանի տիկնոջը՝ Եվգինե Ղարիբյանին: Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Ձեր ընտանիքի կողմից հիմնադրված ռադիոկայանը արդեն 37 տարի Հայրենիքից հեռու շարունակում է նպաստել ազգապահպանությանն ու հայապահպանությանը: Բոստոնյան մեծ հայկական համայնքը, ցավոք, չունի անհրաժեշտ քանակությամբ լրատվամիջոցներ, սական Ձեր ռադիոն յուրաքանչյուր շաբաթ կարողանում է Հայաստանից ստացված լուրերը, նորությունները մատուցել մեր հայրենակիցներին, լսելի դարձնել նրանց Հայրենիքի սրտի զարկը, մայրենի լեզուն: Ցավում եմ, որ Ձեր արժանավոր ամուսին Ժիրայրը անժամանակ հեռացավ կյանքից, սակայն նրա նվիրական գործը շարունակում եք Դուք»: Նախարարը հյուրին հորդորեց ռադիոժամերի ընթացքում շատ խոսել հայադարձության, հայրենադարձության մասին, որպես օրինակ ներկայացնել հայրենադարձված հայերին, նրանց հաջողությունները Մայր հայրենիքում: Սփյուռքում մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում ունեցած նշանակալի ներդրման և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու համար նախարար Հրանուշ Հակոբյանը Եվգինե Ղարիբյանին պարգևատրեց ՀՀ ՍՆ «Մայրենիի դեսպան» մեդալով: Շնորհալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ Եվգինե Ղարիբյանը ներկայացրեց Բոստոնի հայ համայնքի խնդիրները և հայապահպանությանն ուղղված աշխատանքները: «Ժամանակին Բոստոնում էր ապրում և ստեղծագործում Ամերիկայի հայ մտավորականության մի համաստեղություն: Ցավոք, այժմ այդպես չէ: Վտանգված է հայ դպրոցը, սակայն փորձում ենք հեռու մնալ ուծացումից»,-նշեց տիկին Ղարիբյանը՝ խոստանալով առավել սերտ համագործակցել Սփյուռքի նախարարության հետ՝ ռադիոյի միջոցով ներկայացնելով նաև նախարարության՝ հայապահպանությանն ու հայրենաճանաչությանն ուղղված ծրագրերը:

Նմանատիպ նյութեր