Կանադայի խորհրդարանն ընդունել է «Գլոբալ Մագնիտսկու ակտ» օրենքը
Կանադացի պատգամավորները հավանություն են տվել «Արտասահմանյան կոռումպացված կառավարությունների զոհերի մասին» օրենքի կամ, այսպես կոչված, «Սերգեյ Մագնիտսկու ակտի» ընդունմանը։
Ինչպես հաղորդում է Tass-ը, քվեարկությունն ուղիղ հեռարձակվել է այդ երկրի խորհրդարանի պաշտոնական կայքով։
Օրենքը, մասնավորապես, նախատեսում է ակտիվների սառեցում և վիզաների չեղարկում օտարերկրյա կառավարությունների այն անդամների համար, ովքեր խախտել են մարդու իրավունքները։
Փաստաթղթին միաձայն կողմ են քվեարկել ներկա գտնվող Ստորին պալատի 277 անդամները /նրանց թիվը 338-ն է/, այդ թվում՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և երկրի լիբերալ կառավարության բոլոր անդամները։
Ուժի մեջ մտնելու համար պետք է ստորագրի Կանադայի գեներալ-նահանգապետ Ժյուլի Փեյեթը։ Ուժի մեջ մտնելուց հետո այն առաջին հերթին ուղղվելու է ռուսաստանցի, վենեսուելացի, իրանցի, վիետնամցի, մյանմարցի չինովնիկներին, ովքեր հայտնի են Կանադայում փողերի լվացմամբ զբաղվելով։