211652_close_icon
views-count6170 դիտում article-date 20:58 22-09-2017

Տեղի է ունեցել երուսաղեմահայ բանաստեղծուհի Անուշ Նագգաշյանի «Այդ սերմը ես էի» գրքի շնորհանդեսը

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ երուսաղեմահայ բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս Անուշ Նագգաշյանի «Այդ սերմը ես էի» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանն իր օրհնության խոսքը բերեց Հայր Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորանքի խոսքը փոխանցեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը՝ նշելով. «Անուշը մեզ հետ ու մեր կողքին է նույնիսկ այն ժամանակ, երբ անգամ Հայրենիքում չէ, իսկ երբ գալիս է Հայրենիք, իր հետ բերում է ողջ Սփյուռքը: Այս գրքում ներկայացնելով մեծ մոր՝ Աննա Նագգաշյանի՝ Հայոց ցեղասպանությունից փրկվելու և ողբերգությունը վերապրելու ողջ ուղին՝ Անուշը տառապող հայի կերպարը չէ, որ կերտում է, այլ՝ արժանապատիվ ու հպարտ հայի»: Սերժ Սրապիոնյանն ընդգծեց, որ Անուշի մեծ մոր անցած ուղին հենց Անուշի ուղին է, քանի որ մանկուց լսելով տատի պատմությունները` Անուշն ինքը դրանք վերապրել է: «Մեծ մայրը իր զավակին՝ Անուշի հորը հեռու է պահում օտարազգի կնոջ հետ ամուսնանալու մտքից՝ որդուն հղված հեռագրի միջոցով, որում նշված էր. «Տղա՛ս, Հայաստանի զինվոր չեղար, Հայրենիքի համար արյուն չթափեցիր, սերմդ օտարի՞ն պիտի տաս»: Հասկանալով, որ այդ սերմը հենց ինքն է՝ Անուշ Նագգաշյանն իր պարտքն է համարում թղթին հանձնել տատի պատմությունը: Արդյունքում` այժմ մեր ձեռքին է գեղարվեստական և սկզբնաղբյուրային կարևոր արժեք ներկայացնող այս պատմությունը», - նշեց նախարարի տեղակալը: Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ընդգծեց, որ Անուշ Նագգաշյանի գիրքն ունի քաղաքական, պատմագիտական-սկզբնաղբյուրային նշանակություն: ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը շնորհանդեսը կազմակերպելու համար` նշեց, որ գրքում տեսնում է ոչ միայն հեղինակ վավերագրողին, այլև՝ գեղագետին: Երևանի պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտա-ուսումնական կենտրոնի հիմնադիր-տնօրեն, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանն ընդգծեց, որ Անուշ Նագգաշյանի հետ յուրաքանչյուր հանդիպումը գրականագետի և գրողի լավագույն երկխոսություն է: «Գրքով ակնհայտ է դառնում, որ Անուշը պատասխանատվություն է զգում ժամանակի հանդեպ, և այս ստեղծագործության մեջ զգում ենք էպիկականության շունչը», - նշեց Սուրեն Դանիելյանը: Ելույթ ունեցավ նաև ԵՊՀ Հայոց ¬լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նորայր Պողոսյանը: Հեղինակի գրքից հատվածներ ընթերցեցին Հայաստանի վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը և Վաղարշապատի Ռ.Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի սաները: Շնորհանդեսի ավարտին ելույթ ունեցավ հեղինակը՝ Անուշ Նագգաշյանը: Շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարությանը՝ միջոցառումը կազմակերպելու համար, և Հոգեշնորհ Տեր Ղևոնդ Վարդապետ Հովհաննիսյանին՝ գրքի տպագրությանն աջակցելու համար՝ հեղինակը նշեց, որ առանձնակի պատասխանատվությամբ է մոտեցել գրքի ստեղծմանը: «Ես խոնարհվում եմ իմ մեծ մոր՝ Աննա Նագգաշյանի հիշատակի առջև և համարում եմ, որ սրանով իմ պարտքը կատարեցի նրա հանդեպ: Մեծ մայրս ինձ խոստացել էր՝ մինչ իր մահը պատմել կյանքի ողջ պատմությունը և այդպես էլ արեց: Պատմությունն ավարտելուց մեկ ամիս անց մահացավ: Նրան և պապիս թուրքերը հարկադրաբար վտարեցին մեր Հայրենիքից՝ Կեմերեկից: Բայց այսօր ես Հայաստան եմ կանչել աշխարհասփյուռ իմ բոլոր զարմիկներին ու զարմուհիներին, նրանց զավակներին ու թոռներին: Այսօր ես հայտնում եմ, որ նոր Կեմերեկ ստեղծեցինք այստեղ՝ մեր մայր հողի վրա: Դրա համար ցանկացա, որ այս գրքի շնորհանդեսը տեղի ունենա իմ Հայաստանում», - ասաց Անուշ Նագգաշյանը: Այնուհետև հեղինակը բեմ հրավիրեց իր զարմիկներին և զարմուհիներին: Միջոցառումն ավարտվեց գրքի գինեձոնով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր