211652_close_icon
views-count9171 դիտում article-date 17:11 22-09-2017

Արմեն Աշոտյանը Բաքվում հակադարձել է հակահայկական քարոզչությանը

Բաքվում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի կողմից կազմակերպված համաժողովում սեպտեմբերի 22-ին ելույթով հանդես է եկել Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նա շնորհակալություն է հայտնել Եվրանեսթ ԽՎ-ի քարտուղարությանը եւ Ադրբեջանի պատվիրակությանը՝ համաժողովի կազմակերպման եւ հրավերի համար, անդրադարձել հայկական պատվիրակության՝ Բաքու ժամանելու որոշմանը՝ նշելով, որ դա մեծապես պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Հայաստանը, նախևառաջ, իրեն համարում է եվրոպական արժեհամակարգի կրող և ընտանիքի մաս և հետևաբար չէր կարող զերծ մնալ նման կարեւոր համաժողովին մասնակցությունից եւ քննարկումներից: Այս համատեքստում Արմեն Աշոտյանն ընդգծել է Եվրանեսթ ԽՎ-ին Հայաստանի մասնակցությունը, կարևորել նոյեմբերին Բրյուսելում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Արմեն Աշոտյանը նաև անդրադարձել է համաժողովի ընթացքում ադրբեջանցի մի շարք բանախոսների՝ կանանց առողջապահության և սոցիալական խնդիրների համաժողովի հարթակը հակահայկական պրոպագանդայի վերածելու փորձերին և նշել, որ հայկական պատվիրակությունը Բաքվում է համաժողովի բուն թեմաների, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման համար: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը նաև ընդգծել է այն հանգամանքը, որ հակամարտություններում տուժում են հակամարտող բոլոր կողմերը, ուստի անհրաժեշտ է լսել բոլոր կողմերին եւ առկա հարցերը քննարկել մարդու իրավունքների եւ մարդասիրության շրջանակներում՝ անկախ քաղաքական, էթնիկական եւ կրոնական տարբերություններից: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը հորդորել է ադրբեջանական կողմին գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ եւ քսենոֆոբիայով, ինչն իր բացասական հետևանքները կունենա ողջ տարածաշրջանի համար: Պարոն Աշոտյանն անդրադարձել է նաեւ ադրբեջանական կրթական համակարգում հակահայակական կարծրատիպերի ձեւավորման խնդիրներին եւ հորդորել արմատախիլ անել հայատյացությունն ու քսենոֆոբիան: Ելույթի ավարտին Արմեն Աշոտյանը Ադրբեջանի կրթության փոխնախարարին է փոխանցել նաեւ Azerbajan: childhood in hate աշխատությունը, որն ապացուցում է հայատյացության և ատելության քարոզչությունն Ադրբեջանում:

Նմանատիպ նյութեր