211652_close_icon
views-count3255 դիտում article-date 13:24 18-09-2017

Արբանյակային տեխնոլոգիաների կիրառումը խոստանում է հիդրոօդերևութաբանական սպասարկումն առավել հուսալի դարձնել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Սեպտեմբերի 18-ին Երևանում մեկնարկեց «Արբանյակային տվյալների կիրառությունը երկրի մակերևույթի հետազոտման համար» Արևելյան Եվրոպայի երկրների եռօրյա աշխատաժողովը՝ «Տաք ալիքներ, երաշտային աղետներ և հրդեհների մոնիտորինգ» թեմայով: ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հրավերով Արևելյան Եվրոպայի երկրների աշխատանքային խումբը քննարկում-հանդիպում է անցկացնելու՝ առաջնային նպատակ ունենալով աջակցել օգտագործողներին՝ կիրառելու արբանյակային տվյալները: Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը՝ անդրադառնալով այս տարի Հայաստանում գրանցված կլիմայական մարտահրավերներին և արբանյակային տեխնոլոգիաների կիրառությանը. - 2017թ. օգոստոսն ամենատաքն էր Հայաստանում դիտարկումների ողջ պատմության ընթացքում. միջին ամսական ջերմաստիճանը բարձր էր նորմայից 4-5 աստիճանով, մեծ քանակությամբ ու մասշտաբի հրդեհներ գրանցվեցին անտառներում ու խոտածածկ տարածքներում, որոնք մարվեցին մեծ դժվարությամբ: Ակնհայտ է, որ կլիմայական ռիսկերը գնալով ավելի են մեծանում, դրանց ազդեցությունը մարդու կենսագործունեության վրա` ևս: Ուստի ամբողջ աշխարհում այսօր քննարկվող կարևորագույն թեմաներից մեկը կլիմայի փոփոխությունն է, իսկ օդերևութաբանության բնագավառում աշխատող գիտնականները ջանում են կանխատեսել, բացատրել և նախազգուշացնել եղանակակլիմայական երևույթների դրսևորումներն ու դրանց հնարավոր ազդեցությունը տնտեսության տարբեր ոլորտների վրա` օգնելով որոշում կայացնողներին ու շահառուներին ունենալու առավել ճշտգրիտ տվյալներ: Այս հարցում կարևորվում է արբանյակային տեխնոլոգիաների կիրառությունը, որը, ապահովելով երևույթների և տարրերի իրական ժամանակում տարածական մոնիթորինգի հնարավորությունը, դրանց գետնամերձ դիտարկումների հետ համադրմամբ նոր արժեքավոր տվյալներ է տրամադրում` նպաստելով մոնիթորինգի ու կանխատեսումների բարելավմանը և հիդրոօդերևութաբանական սպասարկումը դարձնելով առավել հուսալի: Ներկաներին ողջունեց նաև ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանը՝ հաջորդիվ ներկայացնելով Հայաստանի կլիմայական բնութագիրը, ծառայության կառուցվածքն ու գործառույթները: Երեք օր Գերմանիայի, Իտալիայի, Իսրայելի, Բուլղարիայի, Հունաստանի, Անգլիայի և այլ եվրոպական երկրների հիդրոօդերևութաբանական ազգային ծառայությունների մասնագետները քննարկելու են արբանյակային տեղեկատվության օգտագործման հնարավորություններն անտառային և խոտածածկ տարածքների հրդեհների մոնիթորինգի, երկրի մակերևույթի վիճակի վերլուծության, տաք ալիքների և երաշտի գնահատման ու կանխատեսման համար: Այն լուծումները, որոնք կառաջարկվեն այս աշխատաժողովի շրջանակներում, կնպաստեն հիդրոօդերևութաբանական մոնիթորինգի և կանխատեսումների բարելավմանը: Եվրոպական օդերևութաբանական արբանյակներ շահագործող (EUMETSAT) կազմակերպության հիմնական նպատակն ազգային հիդրոօդերևութաբանական ծառայություններին, ինչպես նաև այլ շահառուներին՝ եղանակին և կլիմային առնչվող արբանյակային տվյալներով անընդմեջ ապահովումն է: Օդերևութաբանական արբանյակների մի ստվար համակարգ, անընդմեջ դիտարկում է մթնոլորտը, օվկիանոսներն ու երկրի մակերևույթը: Այդ արբանյակներն օգնում են օդերևութաբաններին բացահայտելու և վերահսկելու հնարավոր հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթները, ինչպես նաև Ժամանակին տրամադրելու սպասվող վտանգի մասին նախազգուշացումներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր