Դեսպան Մկրտչյանի այցը Լիտվայի Շյաուլյայ քաղաք
Սեպտեմբերի 15-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելեց Լիտվայի մեծությամբ չորրորդ քաղաքը հանդիսանցող Շյաուլյայ, որտեղ հանդիպում ունեցավ քաղաքապետ Արթուրաս Վիսոցկասի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լիտվայի միջև ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները, փորձի փոխանակման հնարավորությունը՝ տնտեսության զարգացման, զբոսաշրջության աճի ապահովման, առևտրային և մշակութային կապերի հաստատման, ծառայությունների մատուցման և այլ բնագավառներում։
Ապակենտրոնացված համագործակցության զարգացման առումով զրուցակիցներն անդրադարձան փոխադարձ այցերի կազմակերպման անհրաժեշտությանը՝ ընդգծելով պատվիրակության կազմում նաև գործարար ոլորտի ներկայացուցիչների ներգրավելու կարևորությունը:
Հանդիպմանը մասնակցեց նաև Շյաուլյայի հայ համայնքի ղեկավար Ռաֆիկ Կազարյանը:
Նույն օրը դեսպան Մկրտչյանն այցելեց Շյաուլյայ շրջանի Պովիլո Վիշինսկիոյի անվան հանրային գրադարան, որտեղ գրադարանի տնօրեն Բրոնիուս Մասկուլիունասի հետ հանդիպմանը քննարկվեցին երկու երկրների գրադարանների միջև համագործակցության հեռանկարները: Գրադարանի՝ հայ գրականությանը հատկացված բաժինը համալրվեց ՀՀ դեսպանության նվիրաբերած գրքերով:
Դեսպան Մկրտչյանը հանդիպում ունեցավ նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ: