211652_close_icon
views-count5028 դիտում article-date 13:25 11-09-2017

Մխիթարյան միաբանությունն անգնահատելի դեր է խաղացել հայապահպանության գործում. ՀՀ նախագահի ուղերձը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանության՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատվելու 300-ամյակի կապակցությամբ, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բացառիկ պատմական իրադարձության՝ Մխիթարյան միաբանության՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատվելու 300-ամյակի կապակցությամբ: Դեռեւս երեք դար առաջ հայ հոգեւոր մտքի հսկա Մխիթար Սեբաստացին հիմնեց մի հաստատություն, որը դառնալու էր աշխարհին հայտնի հոգեւոր, ուսումնակրթական, գրական եւ գիտամշակութային կենտրոն։ 1701 թվականին հիմնվելուց ի վեր Մխիթարյան միաբանությունն անգնահատելի դեր է խաղացել հայապահպանության գործում, դարձել աշխարհում հայ ժողովրդի հեղինակավոր ներկայացուցչություն՝ իր մշակութային հարուստ ժառանգությամբ եւ հոգեւոր մթնոլորտով հրապուրելով հայ եւ օտար աշխարհահռչակ մտավորականների: Գտնվելով Եվրոպայի սրտում՝ Մխիթարյան միաբանությունը հայ մշակույթը հաղորդակից է դարձրել Արեւմուտքին եւ փոխադարձաբար՝ արեւմտյան մշակույթը` հայոց աշխարհին: Բացառիկորեն մեծ է Մխիթարյան միաբանության ավանդը հայագիտության զարգացման գործում․ մեր հոգեւոր հայրերը դարեր շարունակ վիթխարի աշխատանք են կատարել Միաբանության Մայրավանքի՝ աստվածառաք լույսով ողողված սենյակներում։ Դրա վկայությունն են գիտական ընդհանուր եւ ճյուղային բառարանները, թարգմանական եւ կրոնական, պատմական, լեզվաբանական, բնագիտական, տնտեսագիտական եւ այլ բնույթի աշխատությունները: Հետաքրքրական է, որ Միաբանությունը զարմանալի ներդաշնակությամբ եւ կատարելությամբ համատեղում է գիտության, մշակույթի, հոգեւոր ժառանգության ոլորտները՝ միաժամանակ ունենալով թանգարանային յուրօրինակ միջավայր։ Միաբանության վանական համալիրում պահվող ձեռագրերն ու մատյանները ոչ միայն հայ մշակութային ժառանգության հարստության վկայություններն են, այլեւ համաշխարհային քաղաքակրթության նմուշներ: Պատմականությունն ամրագրվում է ժամանակով․ Մխիթարյան միաբանությունն իր դարավոր գործունեությամբ դա լավագույնս փաստել է՝ հաղորդակից դարձնելով ազգայինը համամարդկայինին: Խոնարհվելով մեր հոգեւոր արժեքների պահպանության գործում Մխիթարյան միաբանության անձնուրաց նվիրման առջեւ՝ ցանկանում եմ ասել՝ փառք ու պատիվ մեր հոգեւոր հայրերին, որ կարողացան ստեղծել կրթական կենտրոններ, երիտասարդ սերնդի շրջանում տարածեցին հայոց լեզուն, մշակույթը, դպրությունը: Հպարտության զգացումով մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս այս խորհրդանշական հոբելյանի առիթով՝ Միաբանության անդամներին մաղթելով գործունեության երկար եւ արգասաբեր տարիներ՝ իրականացնելու Մխիթար Սեբաստացու «Ամեն ինչ Հայաստանի եւ Հայրենիքի համար» սրբազան պատգամը։

Նմանատիպ նյութեր