211652_close_icon
views-count16092 դիտում article-date 19:46 06-09-2017

«Նարեկացի» արվեստի միությունը մեծ շուքով նշեց իր 13-րդ տարեդարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Միությունը, չընդհատելով յուրաքանչյուր տարին հայ մեծանուն արվեստագետներից մեկին նվիրելու ավանդույթը, այս տարին նվիրել էր հայ անվանի կոմպոզիտոր, քանոնահար, ՀՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանին: Միջոցառումն իր ներկայությամբ պատվեց մեծանուն կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի որդին՝ դիրիժոր Միքայել Ավետիսյանը, ով ներկայումս Գլենդելի ֆիլհարմոնիկ նվագախմբի (ԱՄՆ) գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է, ինչպես նաև «Բելֆրի» սիմֆոնիկ նվագախմբի և Լոս Անջելեսի հայ համայնքի երգչախմբի երաժշտական մասով տնօրենը: Երեկոն սկսեց տեր Շահե քահանա Հայրապետյանը: Խաչատուր Ավետիսյանի մեկը մյուսի հետևից հնչող դյութիչ մեղեդիները տարածվել էին ողջ դահլիճով: Նույնիսկ ոտքի վրա կանգնած հանդիսատեսը մինչև միջոցառման ավարտը մեծ հիացմունքով վայելեց Խաչատուր Ավետիսյանի անզուգական ստեղծագործությունները, իսկ կոմպոզիտորի որդու ելույթն աննկարագրելի ոգևորությամբ և ցնծությամբ ընդունվեց: Երեկոյի ընթացքում երաժշտական համարներով ելույթ ունեցան ծրագրի ղեկավար և մենակատար Լուսինե Ազարյանը (սոպրանո), մենակատար Պողոս Եղիազարը (տենոր), մենակատար Սմբատ Խալաթյանը (ժողովրդական երգիչ), «Փարոս» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Րաֆֆի Միքայելյան), «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արտեմ Խաչատուր), «Նովա» ազգային նվագարանների համույթը (գեղարվեստական ղեկավար`Հովիկ Սահակյան), «Նժդեհ» ազգագրական պարի խումբը (գեղարվեստական ղեկավար` Գագիկ Գինոսյան): Միջոցառման վերջում «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը Միքայել Ավետիսյանին և «Փարոս» կամերային երգչախմբի անդամ պարոն Կարապետյանին (Խաչատուր Ավետիսյանի մասին լույս ընծայված բրոշուրում զետեղված նկարների մեջ, որտեղ պատկերված են հայտնի կոմպոզիտորներ, կա նաև պարոն Կարապետյանը) շնորհեց յուրահատուկ նվեր-պարգև՝ միության խորհրդանշանով փոքրիկ խաչքար, որը համատեղում է Տիրոջ օրհնությունը և մշակույթը։ - Այս նվերով մենք ձեզ ենք տալիս «Հայ մշակույթի դեսպան» լինելու կոչումը, քանի որ դուք այն մարդկանցից եք, ովքեր հայ ազգի պատիվը բարձր են պահում ամբողջ աշխարհում: Վստահ եմ, որ այսօր Խաչատուր Ավետիսյանի հոգին մեզ հետ էր և իր որդու միջոցով ներկայացրեց հայ երաժշտության մաքուր և անզուգական մեղեդիները: Ոչ միայն ինձ, այլ նաև շատերիդ համար էր այսօր յուրահատուկ և խորհրդանշական երեկո … Աստծո կամքով կարողացանք Հայաստան հրավիրել Միքայելին և այս երեկոն կազմակերպել,- նշեց Նարեկ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ մշակույթի նախարարությանը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան ողջ անձնակազմին, «Փարոս» կամերային երգչախմբին, Սմբատ Խալաթյանին՝ միության կողքին լինելու համար: Թեև համերգը ավարտվել էր, բայց հանդիսատեսի ծափահարությունները չէին դադարում: - Շնորհակալություն ձեզ, հարգելի՛ հանդիսատեսներ, որ այսօր այստեղ եք, ու դահլիճը լեփ-լեցուն է: Շնորհակալություն «Նարեկացի» արվեստի միությանը, որ այսօր այստեղ եմ և, որ առիթ ունեցա աշխատել նման երիտասարդ, բայց պրոֆեսիոնալ երաժիշտների հետ: Հեռվից հետևում եմ միության աշխատանքներին և հիանում ձեր գործով: Շնորհակալություն՝ նման պատվի և հաճույքի արժանացնելու համար: Ես շարունակ պետք է պահպանեմ կապը այս միության հետ…, -իր ելույթում ընդգծեց Միքայել Ավետիսյանը: Երեկոյին ներկա էին դեսպաններ, հայ անվանի արվեստագետներ, մտավորականներ՝ կոմպոզիտոր, երգիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արզաս Ոսկանյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը, քանոնահարուհի, երաժշտագետ, արվեստագետ Անժելա Աթաբեկյանը, ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ Դանիել Երաժիշտը, դիրիժոր, խմբավար և մանկավարժ Տիգրան Հեքեքյանը, գրականագետ, թարգմանիչ, ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քեսայանը, գրականագետ, թարգմանիչ Հենրիկ Բախչինյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը, դիրիժոր, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Մելիք Մավիսակալյանը, ազգագրագետ և բանագետ Արուսյակ Սահակյանը, մեծանուն բանաստեղծ, Խաչատուր Ավետիսյանի «Օրատորիա»-յի խոսքերի հեղինակ Լյուդվիգ Դուրյանի ընտանիքի անդամները և ուրիշներ: «Նարեկացի» արվեստի միությունը շարունակում է կատարել հայ ազգային մշակույթի հարատև առաջընթացին նպաստելու վեհ առաքելությունը՝ շարունակելով կյանքի կոչել բազմաթիվ մշակութային նախագծեր և ծրագրեր… [b]«Նարեկացի» արվեստի միություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր