211652_close_icon
views-count139994 դիտում article-date 14:55 30-08-2017

31-ամյա երիտասարդը, ով երեկ պատանդ էր վերցրել 24-ամյա աղջկան, ում ստիպված վնասազերծեցին դիպուկահարի միջոցով, ԱՄՆ-ում սպանության համար դատապարտված է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ պարզելու Էրեբունի վարչական շրջանում օգոստոսի 29-ին զենքի գործադրմամբ վտանգավոր բռնություն գործադրելով պատանդ վերցնելու դեպքի բոլոր հանգամանքները։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից, հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակության մեծ հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է ազգությամբ հայ՝ 1986 թ. ծնված Գոռ Հակոբյանը, և նրա առնչությունը տուժողի հետ։ Հարցաքննվել են խաղասրահի սեփականատերը, ականատես վկաները, զննվել դեպքի վայրում կատարված տեսագրությունները։ Նախնական տվյալներով՝ 31-ամյա տղամարդը վերջին տարիներին բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ ծանր հանցագործության համար դատապարտվել է երկարատև ազատազրկման։ Հայաստան է ժամանել 4 ամիս առաջ՝ արտաքսվելով ԱՄՆ-ից։ Տուժածի հետ ծանոթացել է մոտ երկու ամիս առաջ՝ Հայաստանում։ Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Գ.Հակոբյանը 24-ամյա կնոջ հետ «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահի տարածք է մուտք գործել օգոստոսի լույս 29-ի գիշերը՝ ժամը 04-ի սահմաններում։ Իսկ օգոստոսի 29-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, կոտրել է խաղասրահի պատուհանների ապակիները, վնասել գույքը՝ ուշադրություն գրավելու համար։ Խաղասրահի մոտ հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ, դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցներ, որոնց ներկայությամբ տղամարդը, դանակը պահելով երիտասարդ կնոջ կոկորդի մոտ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել է ներս հրավիրել 5 քաղաքացիների և փաստաբանի՝ հակառակ դեպքում սպառնալով սպանել նրան։ Պատանդին ազատ արձակելուն ուղղված բանակցություններն արդյունք չեն տվել. տղամարդը հրաժարվել է ենթարկվել իրավապահ մարմինների աշխատակիցների օրինական պահանջներին։ Կնոջ կյանքին սպառնացող իրական վտանգը կանխելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների կողմից իրականացվել է հատուկ գործողություն, որի ժամանակ նա ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է Գ.Հակոբյանի կենսաբանական մահը։ Բժշկական կենտրոն տեղափոխված տուժած կնոջ մոտ բժիշկներն արձանագրել են պարանոցի կտրած-ծակած վերքեր, ձախ հոնքային շրջանի պատռած վերքեր, կապտուկներ՝ մարմնի տարբեր մասերում։ Դեպքի վայրի զննությամբ խաղասրահի տարբեր հատվածներում հայտնաբերվել և առգրավվել են սև գույնի երկար մազափնջեր, կանացի շորեր։ Հայտնաբերվել և առգրավվել են նաև Գոռ Հակոբյանի անվամբ վարորդական վկայականը, վերջինիս անվամբ հաշվառված պետհամարանիշի ավտոմեքենայի տեխանձնագիրը, նշված ավտոմեքենայի բանալին, գումար, ինչպես նաև՝ «IPhone» ապրանքանիշի 2 բջջային հեռախոս։ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Ստեղծվել է քննչական խումբ, իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, տոքսիկաքիմիական և ապրանքագիտական փորձաքննություններ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/29/1075927/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ օգոստոսի 29-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում։ Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ մի աղջկա էր պատանդ պահել և սպառնացել էր, որ կսպանի նրան։ Դեպքի վայր էին ժամանել մեծ թվով իրավապահներ՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Նշված շինության ապակիներն ամբողջովին փշրված էին, գույքը՝ ջարդված։ Տեղում էին նաև Երևանի 1-03 շտապօգնության ծառաղողները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչներ և ճանապարհային ոստիկաններ։ Քիչ ուշ ոստիկանները պրոֆեսիոնալ ձևով կարողացել էին դիպուկահարի միջոցով վիրավորել աղջկան պատանդ պահող ճիվաղին, ով տեղափոխվել էր հիվանդանոց; Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, կազմակեպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը, ովքեր Երևանի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Ս. Մարտիրոսյանի հետ համատեղ իրականացրել էին ճիվաղին վնասազերծելու օպերացիան։ Դեպքի վայր էին ժամանել քննիչներ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին իսկ պահից դեպքի վայրում էր եղել նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Արմեն Չիչոյանը։ Ֆոտոլրագրողն ավելի ուշ հայտնել էր, որ վնասազերծվածը «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել էր։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 190+
190+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր