211652_close_icon
views-count3336 դիտում article-date 12:33 27-08-2017

Այսօր Ս. Աստվածածնի գոտու գյուտի տոնն է

Ս. Աստվածածնի գոտու գյուտը Տիրամորը նվիրված Հայ Առաքելական Եկեղեցու յոթ տոներից է: Մի հանգամանք, որն ակնհայտ կերպով ցույց է տալիս Ս. Կույսի՝ հայ ժողովրդի հոգևոր կյանքում ունեցած կարևոր և նշանակալից տեղի ու դերի մասին: Նա, որպես մայրության և առաքինության կատարյալ օրինակ, դարեր ի վեր իր այդ հատկանիշներով կերտել ու ձևավորել է հայ օրիորդի, կնոջ և մոր նկարագիրն ու դիմագիծը՝ միաժամանակ հրաշագործություններով այսօր էլ շարունակում է իր կենդանի ներկայությունն ու ներգործությունն ունենալ մեր կյանքում: Արկադիոս կայսեր օրոք (395 – 408թթ.) Երուսաղեմում էր գտնվում Ս. Աստվածածնի գոտին, որը հատուկ ուշադրությամբ և հարգանքով տարվում է Կ. Պոլիս: Այստեղ հավատացյալները մեծ երկյուղածությամբ այն զետեղում են եկեղեցում: Հույները հետագայում Ս. Մարիամին նվիրված նոր եկեղեցի են կառուցում և գոտին դնում այնտեղ՝ հավատացյալների համար պաշտամունքի և տոնակատարության առարկա դարձնելով: Հայ իրականության մեջ Ս. Աստվածածնի գոտու գյուտի տոնը 1774 թվականին ներմուծել է Սիմեոն Երևանցի Հայրապետն՝ իր հրատարակած օրացույցի մեջ: Առհասարակ, Քրիստոսի Եկեղեցին թե` սրբերի մասունքների, թե` նրանց գործածած որոշ իրերի հանդեպ ունեցել է և այսօր էլ ունի յուրահատուկ վերաբերմունք: Աստվածաշունչը և եկեղեցական կյանքի փորձառությունը փաստում են, որ Ամենակարող Աստված իր զորությունը նաև այդ առարկաների միջոցով է արտահայտել: Սուրբգրային լավագույն վկայությունն այն դրվագն է, որտեղ ներկայացվում է, թե ինչպես մեռած մարդու դիակը, դիպչելով Եղիսե մարգարեի ոսկորներին, վերակենդանանում է (Դ Թագ. 13: 21): Ուստի, Եկեղեցին հարգանք ցուցաբերելով աստվածային զորությամբ օժտված իրերի նկատմամբ, դրանց միջոցով իր պաշտամունքն ու երկրպագությունն է մատուցում ճշմարիտ Աստծուն: Աղբյուրը՝ [url=http://www.qahana.am/am/holidays/2017-08-27/1]qahana.am[/url]:

Նմանատիպ նյութեր