211652_close_icon
views-count7640 դիտում article-date 10:19 26-08-2017

Ոչ թե ցցվել, այլ հակառակը՝ ձուլվել, լինել թիմի անդամ, նվիրվել ընդհանուր գործին. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ամերիկացի հոգեբանները հետազոտություն են անցկացրել ամուսնական զույգերի միջև և խնդրել ամուսիններին նշել, թե ինչպիսի ներդրում ունեն նրանք «տան կառավարման» գործերում` սկսած աղբը դուրս տանելուց և վերջացրած երեխաների դաստիարակությամբ: Իրենց ներդրման չափը ամուսինները պետք է նշեին տոկոսներով: Չեք կասկածում, չէ՞, որ այդ տոկոսների գումարելին միշտ 100-ից ավելին էր կազմում: Այսինքն` այնպես չէր, որ եթե, ենթադրենք, կինն իր ներդրումը գնահատում էր 55 տոկոս, ապա ամուսինն «իր վրա էր վերցնում» պատասխանատվության 45 տոկոսը: Ոչ, ամուսինն էլ իր հերթին կարծում էր, որ նա ունի 55 կամ նույնիսկ 60 տոկոս «լումա»: Հոգեբանները դա կոչում են կանխակալություն` պատասխանատվության հարցում: Մենք չենք կարող օբյեկտիվորեն գնահատել մեր ներդրումը «տնային գործերում», աշխատավայրում, հասարակական, պետական կյանքում: Խոսում ես, օրինակ, նախկին պաշտոնյաների հետ, և նրանց ամեն երկրորդ բառն է` «ես որոշեցի», «ես հրամայեցի», «ես արգելեցի», «ինձ զեկուցեցին»: Ընդ որում, նա կարող է բարձրագույն էշելոնի պաշտոնյա էլ չլիներ, բայց հիշողությունների մեջ տպավորվել է սեփական «դերի և նշանակության» ուռճացված պատկերը: Իհարկե, պատահում է, որ մարդիկ իրենց ներդրման մասին պարզապես ստում են՝ գիտեն, որ իրականում մատը մատին չեն խփել, բայց այս կամ այն պատճառով աջուձախ պատմում են իրենց «հերոսական ջանքերի» մասին (օրինակ, առնվազն 10 հազար հոգի «ազատագրել է Շուշին»): Բայց վերոհիշյալ հոգեբանական թեստը դրա մասին չէ. մենք դիտարկում ենք այն դեպքը, երբ ամուսինը, ընկերության աշխատակիցը կամ քաղաքական գործիչն իսկապես համոզված է, որ իր «լուման» այս կամ այն գործում հսկայական է: Այս դեպքի համար առաջարկում եմ սեփական ինքնասիրությունը շոյող մտքերից հրաժարվելով, օրական հինգ րոպե առանձնանալ և խորհել՝ իսկապե՞ս իմ մասնակցությունն այս կամ գործին այդքան վճռական է: Եվ գուցե արժե՞ մտածել ոչ թե դափնիներ վայելելու, ոչ թե վերցնելու, այլ տալու և աննկատ մնալու մասին: Բարոյական (ոչ իրավական) տեսակետից չկա որևէ բանի «հեղինակային իրավունք», ինչ որ ստեղծվում է, ստեղծվում է համատեղ ջանքերով: Նրանք, ովքեր աշխատում են հեռուստատեսությունում, դա շատ լավ գիտեն. այն, որ իմ դեմքը հայտնվում է էկրանին, չի նշանակում, որ ես ավելի կարևոր եմ, քան ռեժիսորը, խմբագիրը, օպերատորը, մոնտաժողը և մնացածները: Սա, ինձ թվում է, շատ լավ օրինակ է այն մասին, որ ցանկացած գործի հաջողության համար հաճախ անհրաժեշտ է ոչ թե ցցվել, այլ հակառակը՝ ձուլվել, լինել թիմի անդամ, նվիրվել ընդհանուր գործին: Դա ճիշտ է հատկապես պետական գործի դեպքում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր