211652_close_icon
views-count7972 դիտում article-date 10:26 24-08-2017

Ժամանակավոր, թե մշտական իշխանությունը վաղ թե ուշ կարգի է հրավիրելու «Ավրորայի» նավաստիներին. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Մոտավորապես 1994 թվականից, երբ հեղափոխություն էին անում ԱԺՄ-ն և Աշոտ Մանուչարյանը, ես այս կամ այն «թնդության» հայհոյանքներ, հոխորտանքներ և սպառնալիքներ եմ ստանում հեղափոխականներից: 23 տարի նույն, մեղմ ասած, կշտամբանքները լսելով և կարդալով, բնականաբար, ձեռք եմ բերել որոշակի իմունիտետ: Իսկ ամենակարևորն այն է, որ երբ «հեղափոխական իրավիճակն» անցնում է, այն նույն մարդիկ, որոնք ակնարկում էին, թե իշխանության գալու դեպքում ինձ կկախեն Լևոնի, Ռոբերտի կամ Սերժի կողքի սյան վրա («ոչինչ, քիչ մնաց, հեսա ժողովուրդը…»), այդ նույն մարդիկ դառնում են շատ ավելի բարի և հանդուրժող` հրաժարվելով կախաղաններ ու գիլյոտիններ կառուցելու իրենց մտադրություններից: Ինձ բարիկադների հակառակ կողմում տեսնող բոցավառ հեղափոխականը ձեռք է բերում ադեկվատության ակնհայտ նշաններ և դառնում է, ինչպես ասում են, «մի հրաշք անձնավորություն»: Իհարկե, ես չեմ կարող համեմատել ԱԺՄ-ն կամ ՀԱԿ-ը ոստիկանական գնդի վրա զինված հարձակում գործած խմբի հետ: (Թերևս` որոշ չափով այդ խումբը նման է 90-ականների դաշնակցությանը, որի կազմում կար «Դրո» կառույցը): Սահմանադրության շրջանակներում գործող քաղաքական ուժի և զինված խմբավորման միջև տարբերությունը ես տեսնում եմ: Տարբերություն չկա, իմ կարծիքով, նրանց բոլորի` հայհոյող և սպառնալիքներ արտաբերող կողմնակիցների միջև: Միևնույն ժամանակ համացանցի և Ֆեյսբուքի դարում նկատվում է հետևյալ օրինաչափությունը` որքան Հայաստանից հեռու, այնքան բարձր է «աբիժնիկության» մակարդակը և, հետևաբար, թունդ են հայհոյանքները: Այդ ձևով իրենց սիրտը հովացնողներին նյութ տալու համար ևս մեկ անգամ ասեմ, որ դեմ եմ հեղափոխություններին ընդհանրապես և ժամանակակից Հայաստանում` հատկապես: Ինձ թվում է, որ ցանկացած հեղափոխությունից հետո անհրաժեշտ է որոշակի կայունացման ժամանակաշրջան` այնպես չէ, որ հեղափոխական զանգվածները ամիսներով թափառելու են փողոցներով և անելու են իրենց ուզածը: Բոլորը` ժամանակավոր, թե մշտական իշխանությունը վաղ թե ուշ կարգի է հրավիրելու ««Ավրորայի» նավաստիներին» կամ «հերոս տղերքին», անհրաժեշտ կլինի դարձյալ ոստիկանություն, վերահսկողություն, ռեպրեսիվ ապարատ և այլն: Դեռ հարց է` արդյո՞ք այդ «նավաստիները» կամ «ռոմանտիկները» կենթարկվեն այդ կարգուկանոնին, թե կասեն` «քանի որ ժողովուրդը հաղթել է, մեզ բան ասող չպիտի լինի»: Բայց, ենթադրենք, ենթարկվեցին: Արդյո՞ք նոր ռեպրեսիվ ապարատն ավելի լավը կլինի, քան հինը, արդյո՞ք «նավաստիների» վերահսկողությունը բավարար կլինի, որ ապարատը փոխվի: Եվ Հայաստանի համար ամենակարևոր հարցը՝ որքա՞ն է տևելու այն «կայունացման շրջանը» և ի՞նչ է այդ ժամանակահատվածում կատարվելու մեր սահմաններին: Իհարկե, այդ ամենին ի պատասխան՝ բերվում է «վարդերի հեղափոխությունը» Վրաստանում: Եթե Արևմուտքը որոշի նման ծրագիր իրականացնել Հայաստանում, դա կունենա իր դրական և բացասական կողմերը: Մեր դեպքում բացասականն, իմ կարծիքով, ավելի շատ կլինի»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր