211652_close_icon
views-count8559 դիտում article-date 15:38 18-08-2017

Հրդեհի պատճառները քննվում են. չի բացառվում ոչ մի վարկած, նաև` մարդկային գործոնը. Արծվիկ Մինասյան

Օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհն օգոստոսի 17-ին հաջողվել է մեկուսացնել և հանգցնել: Տարվում են աշխատանքներ փոքր ծխացող կետերի վերացման նպատակով: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: ««Խոսրովի անտառ» պետական արգելոցն ունի պահպանվող տարածքի եվրոպական դիպլոմ, և այս առումով մենք պարտավորություն և պատասխանատվություն ունենք միջազգային հանրության առաջ ևս, և պատահական չէ, որ միջազգային հանրությունն էլ անընդհատ քայլեր է ձեռնարկում, որպեսզի ավելի ուժեղացնի պահպանումը և բարելավի վիճակը: Նկատենք նաև, որ կենդանիների ազատ տեղաշարժն ապահովելու նպատակով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքը` ողջ լայնությամբ հանդիսանում է էկոմիջանցքի կարևոր մի հատված: Հրդեհի պատճառներն առաջիկայում քննության արդյունքում կպարզվի: Չի բացառվում ոչ մի վարկած, նաև` մարդկային գործոնը, քանի որ հրդեհը բռնկվել է այն հատվածում, որտեղ համայնքային և մասնավոր տարածքներից տեղաշարժը շատ է»,- ասել է նախարարը: Նախարարը կարևորել է հակահրդեհային տեխնիկական զինվածությունը և շեշտել, որ առաջիկա տարիներին խիստ հսկողական դիտարկումները կշարունակվեն, կմշակվի վերականգնման ծրագիր` ներգրավելով տեղական և միջազգային գործընկերներին և այնպես կարվի, որ առաջիկա տարիներին ունենանք «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հնարավորինս վերականգնված կենսաբազմազանության ամբողջական պատկերը:

Նմանատիպ նյութեր