211652_close_icon
views-count8261 դիտում article-date 17:31 11-08-2017

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը նոր ծրագրեր կիրականացնի ոլորտի բարելավման ուղղությամբ

Այսօր՝ օգոստոսի 11-ին, տեղի է ունեցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունները: Ներկայացնելով նորաստեղծ Հիմնադրամի նպատակներն ու առաջիկա անելիքները` Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ այն ստեղծվել է որպես կենտրոն, որտեղից պետության և մասնավոր հատվածի միասնական քաղաքականության ներքո կիրականացվի ագրարային ոլորտի առավել արդյունավետ կառավարում: «Հիմնադրամի տեսլականը նոր տեխնոլոգիաներով, գիտական հենքի վրա մրցունակ և արդյունավետ գյուղատնտեսություն ունենալն է, ինչն իր հերթին կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը» - նշել է նա: Անդրադառնալով գյուղատնտեսության բնագավառում բարեհաջող ընթացող Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության (CARMAC) ծրագրին` Հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ եթե ծրագրի առաջին փուլում առանցքային խնդիրը եղել է կոոպերատիվներին անասնապահությամբ զբաղվելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը, ապա երկրորդ փուլում նախատեսվում է արդեն ստեղծված կոոպերատիվներին հնարավորություն ընձեռել բիզնես կարողությունների զարգացման համար: Միաժամանակ նա տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում արդեն ստեղծվել է 119 կոոպերատիվ, որոնց մի մասն արդեն լուրջ արդյունքներ է գրանցել: Հանրապետությունում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու նպատակով մշակված նոր նախաձեռնությունների թվում Գեղամ Գևորգյանը մատնանշել է ներմուծվող պարարտանյութը տեղական արտադրության ավելի բարձրորակ օրգանական պարարտանյութով փոխարինելու ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է հիմնել օրգանական պարարտանյութի արտադրություն առնվազն 20 հազար հեկտարի համար: Բացի այդ, գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մակարդակի բարձրացման նպատակով պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ կստեղծվի նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գյուղատնտեսական տեխնիկայի կայան (ԿՏԿ), ինչը թույլ կտա փոքր և միջին ֆերմերներին իրենց հողը մշակել առավել արդյունավետ և բարձրացնել բերքատվությունը: Նախատեսվում է իրականացնել նաև կերարտադրության զարգացմանն ուղղված ծրագիր, որը խթան կհանդիսանա անասնապահության ոլորտի հետագա առաջընթացի համար: Հիմնադրամի գործադիր տնօրենի խոսքով` նորարարական մոտեցումներ են նախատեսվում նաև խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտում: Խորհրդատվությունն իրականացվելու է 3 մեթոդով` խմբային, ծրագրային և անհատական: Խորհրդատավական ծառայությունները մատուցվելու են ագրարային ոլորտի տարբեր ուղղություններով` ներառյալ դաշտավարության, այգեգործության, անասնապահության, գյուղատնտեսական տեխնիկայի կիրառում և այլն: Խորհրդատվական համակարգի ձևավորման նպատակով հայտարարվելու է մրցույթ, որին դիմելու հնարավորություն կունենան ներկայացված պահանջներին համապատասխանող բոլոր անձինք: Հիմնադրամի գործադիր տնօրենը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում հանրապետությունում իրականացվելու է աշխարհագրական թվայնացված համակարգի (ԱԹՀ) ներդրման ծրագիրը, որի արդյունքում կունենանք հողերի առկա հողատեսքերի, դրանց ֆիզիոլոգիական վիճակի, տեղի ունեցող աշխարհագրական գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև կլիմայի ազդեցության և գյուղատնտեսական նշանակության մոնիտորինգային տվյալներ: [b] ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր