Իտալիայում կալանք է դրվել հայտնի «պարող միլիարդատիրոջ» գույքի վրա
Իտալիայի դատական իշխանությունները վճիռ են կայացրել տեղի գործարար Ջանլուկա Վակիին պատկանող գույքի վրա կալանք դնելու մասին։ Այդ մասին հայտնել է իտալական Corriere della Sera թերթը։
Ջանլուկա Վակին համընդհանուր ճանաչում է ձեռք բերել՝ շնորհիվ սոցցանցերում հրապարակվող իր պարերով։
Կալանվել են նրան պատկանող ամառանոցը, զբոսանավերը և տարբեր բաժնետոմսեր։ Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հայտնի իտալացին Banco BPM-ից վարկով վերցրել է 1,5 մլն եվրո վարկ և չի վերադարձրել։
Ինչպես նշում է թերթը, «պարող միլիարդատերը» իրականում բիզնեսին ժամանակ չի տրամադրում և իր ժամանցն է անցկացնում սոցցանցերում, իսկ Instagram-ում նրա հետևորդների թիվը գրեթե 11 միլիոնի է հասել։
Իսկ հարստությունը նա ժառանգել է ընտանեկան բիզնեսի շնորհիվ, նրա ընտանիքը զբաղվում է կոսմետիկայի, դեղորայքի, թեյի ու սուրճի փաթեթավորմամբ։