86778 դիտում
16:19 04-08-2017
Շամիրամ գյուղի գերեզմանատանը հուղարկավորեցին սգո սրահում 4 սպանվածներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 4-ին, Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում հողին հանձնեցին օգոստոսի 1-ին գյուղի գերեզմանատան հարևանությամբ գտնվող սգո սրահում սպանված Ամո Խուդոյանին, Զորո և Ամրո Օզմանյաններին և Աղասի Քալոյանին։
Սպանվածներից երկուսը նույն գյուղի բնակիչներ են եղել, իսկ երկուսը՝ Ռուսաստանի Դաշնությունից էին վերադարձել Շամիրամ գյուղ՝ իրենց ավանդական միջոցառմանը մասնակցելու նպատակով։
Զորո և Ամրո Օզմանյանները հորեղբոր որդիներ էին, իսկ Ա. Քալոյանը նրանց ազգականն էր։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/01/1073810/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 1-ին դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Անհայտ անձը՝ զինված ինքնաձիգով, մտել էր Շամիրամ գյուղի գերեզմանների հարևանությամբ գտնվող սգո հանդիսությունների սրահ և կրակոցներ արձակել այնտեղ գտնվող քաղաքացիների ուղղությամբ։
Կրակոցների հետևանքով կար 3 զոհ, 9 վիրավոր։ Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետի գլխավորությամբ։ Երևանից գյուղ էին ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր /6-րդ/ վարչության պետի տեղակալ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետը։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ օպերատիվորեն ժամանել էին նաև Արագածոտնի մարզային դատախազության դատախազներ։ Դեպքի վայր էր ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում էին մահացածների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ կրակոցներ արձակողը իր սև գործն անելուց հետո Нива-ով դիմել է փախուստի, սակայն ճանապարհին վթարի է ենթարկվել և ավտոմեքենան թողնելով վթարի վայրում՝ այնտեղից էլ է փախել։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Հարութ Գալստյանի
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+