211652_close_icon
views-count12156 դիտում article-date 15:27 29-07-2017

Վարուժան Ավետիսյանի նամակը` Armexit-ի մասին. «ԵՏՄ-ից դուրս գալը օրակարգ չէ»

ԵՏՄ-ից դուրս գալու հարցը ոչ միայն օրակարգ չէ, այլև առանձին հարց էլ չէ. մինչ ԵՏՄ մտնելը Հայաստանը դարձյալ ենթակա էր գաղութային համակարգին, մեծ բան չի փոխվել: Այս մասին իր նամակում գրել է «Սասնա ծռերի» խոսնակ Վարուժան Ավետիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Armexit-ը «Նոր Հանրապետություն ստեղծելու մասին «Սասնա Ծռերի» ճանապարհային քարտեզ»-ի օրգանական բաղադրիչն է: Ի դեպ, տերմինի հեղինակը Սասնա Ծռերի շտաբի պետ Մխիթար Ավետիսյանն է: Նա դեռ մեկ տարի առաջ էր կիրառում այդ տերմինը, որը փաստորեն բերնեբերան հասարակության սեփականությունն է դարձել և հայտնվել լրատվամիջոցներում: Ներկայումս Armexit-ը փորձում են ներկայացնել որպես ինքնուրույն և ամբողջական օրակարգ՝ այն նեղացնելով և սահմանափակելով ԵՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցի շրջանակներում: Մեր օրակարգը մեկն է՝ առկա գաղութային համակարգի փոխարեն ստեղծել ազգային համակարգ: Գաղութային համակարգը ավելի լայն և մեծ է, քան ՀՀ-ն: Նրա հենքը ռուս-թուրքական դաշինքով ստեղծված տարածաշրջանային ճարտարապետությունն է (Հայաստանը հաշմանդամ՝ առանց Արցախի և Նախիջեւանի՝ զուրկ տարածքային-հաղորդակցային հնարավորություններից և մատաղացու տարածաշրջան ներխուժող գիշատիչների համար), կառավարման լծակը՝ Ռուսաստանից Հայաստանի կախյալությունը, գործիքը՝ հայաստանյան գաղութային վարչակազմը, որի մաս է կազմում նաեւ տիտղոսային ընդդիմությունը: Դրա փոխարեն ստեղծվելիք ազգային համակարգի հենքը պետք է դառնա հայկական գործոն ձևավորելու հնարավորություն տվող տարածաշրջանային ճարտարապետությունը (Հայաստանը Արցախով և Նախիջեւանով հանդերձ՝ Կուր-Արաքսյան Հանրապետություն) և ռուսական պայմանագրերը մերժող ու չճանաչող սուբյեկտ, լծակը՝ հայության ինքնիշխան կամքը, իսկ գործիքը՝ պետական կառավարման ազգային համակարգը: Այս օրակարգի առաջին հարցը Արցախը ՀՀ-ին միացնելով Նոր Հանրապետություն հռչակելն է, ինչն իր ունիվերսալության շնորհիվ մեկնարկելու է այդ օրակարգի մյուս բոլոր հարցերը, այդ թվում՝ ապագաղութացումը: Մինչդեռ ԵՏՄ-ից դուրս գալու հարցը ոչ միայն օրակարգ չէ, այլև առանձին հարց էլ չէ: Մինչ ԵՏՄ մտնելը Հայաստանը դարձյալ ենթակա էր գաղութային համակարգին, մեծ բան չի փոխվել: ԵՏՄ-ից դուրս գալը մեր ազգային օրակարգի մեկ հարցի՝ ապագաղութացման ենթահարցն է ընդամենը: Armexit-ը նման նեղ և սահմանափակ տրամաչափով որպես համազգային օրակարգ ներկայացնելը. ա) գաճաճացնում է մեզ և մեր նպատակը, բ) գաղութային համակարգին հնարավորություն է տալիս իր ներսում պահել մեզ և կառավարելով գործընթացը՝ ի վերջո չեզոքացնել այն և նրանից բխող վտանգը: Եթե ուզում ենք մեր ազգային օրակարգն անվանել Armexit դիպուկ տերմինով, ապա դրա տակ պետք է դնենք վերը նշված ազատագրման բովանդակությունը: Ազատագրում, որը ենթադրում է ազգային համակարգի ստեղծում, այլ ոչ թե առկա գաղութային համակարգի ներսում այսօրվա հաշմանդամ քվազիպետության տասնյակ կապանքներից մեկը կտրելու անիրագործելի ու կեղծ հարցի արծարծում»:

Նմանատիպ նյութեր