Ուզում ենք՝ կառավարի մի կառույց, վերահսկի՝ մեկ այլ կառույցի, որպեսզի առաջանա շահերի բախում. վարչապետ
Այսօր կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ անտառային ոլորտի համալիր բարեփոխումներին:
«Բազմիցս անդրադարձել են այդ հարցին, առկա խնդիրներին և համալիր բարեփոխումների անհրաժեշտությանը: Անտառային ոլորտի բարեփոխումների մշակված հայեցակարգը բավարար լուծումներ չի նախատեսում անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, ինչպես նաև առկա պատասխանատու կառույցների կառավարման և գործունեության արդյունավետության բարձրացման խնդիրների համար: Ավելին՝ փաստաթղթում բացակայում են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին ուղղած առաջարկություններ»,-ասաց նա:
Հաշվի առնելով վերոնշյալը, վարչապետը գյուղատնտեսության, բնապահպանության տարածքային կառավարման և զարգացման նախարարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել անտառային ոլորտի հայեցակարգի լրամշակած նախագիծ՝ ամրագրելով վերոնշյալ խնդիրներին ուղղված գործնական և օրենսդրական լուծումներ, անդրադառնալով նաև անտառ կառավարման և պահպանության գործառույթների հստակ տարանջատմանը, ինչպես նաև ոլորտի միասնական կազմակերպչական դաշտի ստեղծման հարցերին, միաժամանակ նախատեսել դրանց կատարման սեղմ ժամկետներ:
«Մենք ունենք անտառի տնտեսությամբ զբաղվող մի քանի կառույցներ, որտեղ գործառույթները հստակ տարանջատված չեն: Այս հանձնարարականի տրամաբանությունը հետևյալն է. մենք ուզում ենք կառավարի մի կառույց, վերահսկի մեկ այլ կառույցի, որպեսզի առաջանա համապատասխան աշխատանքային շահերի բախում, որտեղ արդյունավետությանը նպաստող պայմաններ կստեղծվեն»,- ասաց Կարեն Կարապետյանը: