211652_close_icon
views-count8707 դիտում article-date 13:53 24-07-2017

Սփյուռքի նախարարը մասնակցել է ՀՄԸՄ 10-րդ համահայկական մարզախաղերի բացման հանդիսավոր արարողությանը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Երևանի Հանրապետության հրապարակում մասնակցեց Հայ մարմնակրթական ընդհանուր միության 10-¬րդ համահայկական մարզախաղերի բացման հանդիսավոր արարողությանը: ՆՍՕՏՏ Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը ներկայացրեց Հայր Սիփան Վարդապետ Գրիգորյանը: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս ՆՍՕՏՏ Արամ Առաջինի օրհնության խոսքը ներկայացրեց Հայր Պետրոս Վարդապետ Մանվելյանը: Ելույթ ունեցան ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանը, համա-ՀՄԸՄ-ական 10-րդ մարզախաղերի պատվո նախագահ Սարգիս Տեր- Պետրոսյանը, 10-րդ մարզախաղերի հանձանախմբի ատենապետ Մանվել Մարսելյանը, ՀՄԸՄ ՀԱՍԿ-ի կենտրոնական վարչության ատենապետ Դավիթ Հակոբյանը: Հայ Հեղափոխական Դաշնակցության խոսքը փոխանցեց Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռոստոմյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես ասաց. «Շնորհավորում եմ Հայ մարմնակրթական ընդհանուր միության 10-րդ մարզախաղերը մեկնարկելու կապակցությամբ: Ուրախ եմ և հպարտ, որ ՀՄԸՄ 10-րդ մարզախաղերը իրականացվում են Հայրենիքում և Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյա հոբելյանական տարվա նախաշեմին: Մեկդարյա գործունեություն, որ արգասաբեր ու բեղուն լինելուց բացի նաև յուրօրինակ կամուրջ դարձավ Հայրենիքի ու Սփյուռքի միջև: Ասում են՝ 100 տարվա ընթացքում է պատմության անիվը ավարտում իր ևս մեկ պտույտն ու սկսում նորը: Նշանակում է՝ մեկ դարն ընդգրկուն ընթացք է, ու կարելի է ենթադրել, որ դարը բոլորելուց հետո գալիս է հազարամյակի ճամփան բռնելու ժամանակը: 2018 թվականին լրանում է նաև Հայաստանի առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսական հաղթանակների 100-ամյակները: Պետականության վերընձյուղումը նոր սկիզբ դարձավ և ազդարարեց՝ գալիք սերունդները լինելու են փառքի ու հաղթանակի ճարտարապետներն ու տերերը: Ուրեմն, սիրելինե՛րս, դար ապրածի փորձառությամբ և հազարամյակը նվաճելու երիտասարդական ավյունով ու խենթությամբ գնացեք առաջ, հզորացրե՛ք ձեր Հայրենիքն ու պաշտպանե՛ք հայրենի հողը, հայ մնացեք ու միշտ հիշեք՝ Հայրենիքն է այն փարոսը, որ եթե անգամ, ինչպես Մաթևոսյանը կասեր, առանց խարիսխ ծով դուրս գաք, կդառնա ձեր ճանապարհի լույսն ու օգնականը: Այն ճանապարհի, որ վաղ թե ուշ ձեզ բերելու է այստեղ՝ Հայաստանի անկախ Հանրապետություն: Այսօր աշխարհի 21 երկրից հազարից ավելի ՀՄԸՄ-ական մարզիկներ են հպարտ կանգնած մայրաքաղաք Երևանի հրապարակում` խորհրդանշելով համայն հայության միասնականությունն ու միակամությունը: 2800-ամյա Էրեբունի-Երևանը, որ նույնիսկ Հռոմից է հին ու տեսել է անգամ Բաբելոնի կործանումը, թող ձեր հոգու մայրաքաղաքը դառնա ու մագնիսական ուժով ձեզ ձգի, կապի Հայրենիքի սրտին: Հայոց սուրբ նահատակներին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Հանրապետության հրապարակ փոխադրված մարզախաղերի ջահը` վստահ եմ, որ կբոցավառվի ձեր հոգիներում ևս և կհամակի ձեզ անսպառ էներգիայով՝ հաղթահարելու նորանոր բարձունքներ և գործելու հանուն Հայաստանի առաջընթացի: ՀՄԸՄ-ն մշտապես նպաստել է հայապահպանությանը, «առողջ մարմնում՝ առողջ հոգի» կարգախոսով՝ հայ երիտասարդի առույգ մարմնում դրել է կենսախինդ, առողջ հոգի, հայի հոգի, շարունակաբար անդրադարձել հայ երիտասարդությանը հուզող արդիական խնդիրներին: Համահայկական մոտեցումներ որդեգրած իր ռազմավարությամբ կառույցը համախմբել է հայ երիտասարդությանը Հայաստանի շուրջ և այսօր էլ իր կազմակերպչական ժամանակակից մեթոդներով աշխատանքներ է ծավալում Մայր Հայրենիքում: ՀՄԸՄ 99-ամյա պատմությունը նշանավորվում է Հայաստանում երկրորդ անգամ համահայկական խաղերի անցկացմամբ, որը ևս մեկ անգամ հավաստում է այն որդիական սերը Հայրենիքի նկատմամբ, որ ունի յուրաքանչյուր մասնակից, ՀՄԸՄ յուրաքանչյուր ղեկավար: Խաղերն ընդամենը միջոց են երիտասարդությանն առավել սերտորեն Հայաստանի հետ կապելու, Հայաստանը նրանց հոգիներում ընդմիշտ դրոշմելու համար: Այսօր Հայոց կառավարությունը՝ ի դեմս ՀՀ սփյուռքի նախարարության, զորավիգ ու աջակից է ՀՄԸՄ 10-րդ խաղերի անցկացմանը, որոնք առավել կնպաստեն հայ երիտասարդի խանդավառությանն ու նվիրումին, քանզի այս երիտասարդության լուսավոր ապագայով է պայմանավորված լինելու նաև Հայոց պետականության զարգացումն ու հզորացումը: Մարզական խաղերի սիրելի՛ մասնակիցներ, մաղթում եմ ձեզ հաջողություն, միայն հաղթանակներ, որպեսզի նոր լիցքեր ստացած, Հայրենիքից ուժ առած՝ շարունակեք Սփյուռքի հայ երիտասարդության շրջանում ազգային կյանքի զորացման հայանվեր և սուրբ գործը: Հազարամյակների ճանապարհ անցած հայոց պատմությունը հարուստ է հաղթանակների, նվաճումների, պայքարի հարյուրամյակներով: Վստահ եմ՝ Հայ մարմնակրթական ընդհանուր միության կերտած դարն իր արժանի տեղը կգտնի այդ հարյուրամյակների շարքում: Հաղթական մեկնարկ և ընթացք բոլորիս»: Մարզախաղերին մասնակցում է 1250 հայ երիտասարդ աշխարհի տարբեր երկրներից:

Նմանատիպ նյութեր