211652_close_icon
views-count4925 դիտում article-date 22:32 20-07-2017

Էջմիածնում ջրամատակարարման բնականոն ընթացքը կվերականգնվի վաղն առավոտյան. «Վեոլիա Ջուր»

Ի պատասխան այսօր, հուլիսի 20-ին, լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝ Էջմիածին քաղաքում անբավարար ջրամատակարարմամբ պայմանավորված բնակիչների դժգոհության վերաբերյալ, «Վեոլիա Ջուր» ընկերությունը պարզաբանում է ներկայացրել: Իրոք, ամառային այս շօգ օրերին Էջմիածին քաղաքում նկատվում է ջրի անբավարարություն, որը պայմանավորված է մի շարք պատճառներով: Մասնավորապես, աննախադեպ շոգերի պատճառով ներկայումս կտրուկ ավելացել է ջրի սպառումը քաղաքում, ինչը լրացուցիչ լարվածություն է առաջացրել ջրատար համակարգում: Իսկ «Վեոլիա Ջուր» ընկերության բոլոր ջանքերը՝ թուլացնել այդ լարվածությունը, շտկել իրավիճակը բախվում են այն ծանր ժառանգությանը՝ թե՛ ջրամատակարարման և թե՛ ջրահեռացման համակարգերի առումով, որը նա ստացել է դրանց նախորդ կառավարիչ ընկերությունից: Երկար տարիներ ոչ պատշաճ ուշադրության արժանանալով, ջրամատակարարման ցանցը ներկայումս ոչ միայն ֆիզիկապես խիստ մաշված է, այլև տեխնիկական առումով պարզապես վատ կառավարելի է, ինչը թույլ չի տալիս պահանջվող որակի ծառայություններ մատուցել բաժանորդներին: Այստեղից էլ, չնայած «Վեոլիա Ջրի» գործադրած ջանքերին, վերջիններիս արդարացի դժգոհությունը: Կա նաև մեկ այլ, որ պակաս կարևոր պատճառ: Էջմիածին քաղաքը սնուցող 134կմ ընդհանուր երկարությամբ 4 ջրատարերը անցնում են հարակից գյուղերով, որտեղ ջրագծերի վրա առկա են բազմաթիվ ապօրինի միացումներ, ամենուր դիտվում է ջրի անխնա ու չվերահսկվող օգտագործում, այդ թվում ոռոգման նպատակով: Ստեղծված իրավիճակում, խմելու ջրի զգալի մասը պարզապես չի հասնում սպառողին: Ակնհայտ է, որ խնդրի լուծումն այստեղ մատակարարվող ջրի ծավալների հետագա ու շարունակական ավելացումը չէ: Հարկ է վերացնել, նաև կոշտ միջոցներով, ջրի ճանապարհին առկա խոչնդոտները, տեղ հասցնել կենարար հեղուկը: Այս, ինչպես բաժանորդների, այդպես էլ՝ Ընկերության համար, օրակարգային խնդրի կարգավորման նպատակով, տևական ժամանակ է, ինչ ընկերությունը փուլ առ փուլ իրականացնում է տեխնիկական բնույթի լայնածավալ մի ծրագիր: Արդեն ավարտվել է առաջին փուլը, որի ընթացքում շահագործումից հանվել են վթարված և օգտագործման ցածր արդյունավետություն ունեցող 7կմ ընդհանուր երկարությամբ մի շարք ջրատարեր՝ արդյունքում խնայելով վայրկյանում մոտ 50 լիտր ջրաքանակ: Այժմ ընթանում է ջրամատակարարման համակարգի կարգավորման աշխատանքների երկրորդ փուլը, որտեղ նախատեսվում է շահագործումից հանել վայրկյանում մոտ 60 լիտր ջրի կորստի պատճառ հանդիսացող ևս մոտ 5 կմ երկարությամբ ջրատարեր: Ցավոք, այս աշխատանքների ընթացքում՝ օրերս, պլանային ջրանջատումից անմիջապես հետո, բաշխիչ ցանցում տեղի ունեցավ խոշոր վթարը, որը բերեց ջրանջատման տևողության երկարացմանը ու այսօրվա բնակչության դժգոհության պատճառ դարձավ: Այժմ ընկերության մասնագետների 4 խումբ զբաղված է վթարի շուտափույթ վերացմամբ, ամեն ինչ արվում է մինչև կեսգիշեր իրավիճակը շտկելու համար, իսկ ջրամատակարարման բնականոն ընթացքի վերականգնումը նախատեսվում է վաղն առավոտյան: Ջրատար համակարգի կարգավորման աշխատանքների ավարտից հետո, Ընկերության տեխնիկական խմբերը կտեղափոխվեն արդեն Էջմիածին, ջրամատակարարման ներքաղաքային ցանցում առկա խնդիրների հայտնաբերման ու լուծման նպատակով: «Վեոլիա Ջուրը» անպայման կանցնի ճանապարհի իր մասը, սակայն աշխատանքի արդյունավետությունն ու վերջնական արդյունքը կախված է նաև նույն բնակիչներից, նրանց քաղաքացիական ակտիվ դիրքորոշումից, հարևանությամբ թույլ տրվող ապօրինությունների նկատմամբ անհանդուրժողականությունից, ջրամատակարարի հետ սերտ համագործակցությունից, գործող ջրամատակարարման կանոնների պահպանումից՝ իրենց իսկ կենցաղային կարիքները շուտափույթ բավարարելու նպատակով: Վեոլիա Ջուր ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն

Նմանատիպ նյութեր