Թրամփի խորհրդականը խոսել է ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպման արդյունքների մասին
Համբուրգում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպման ժամանակ ոչ մի խնդիր չի լուծվել, դա ոչ ոք չէր սպասում, խոսքը բարդ հարցերի շուրջ երկխոսություն սկսելու մասին է եղել:Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը, նրա հայտարարությունը ներկայացված է Սպիտակ տան մամլո հաղորդագրության մեջ:
«Ոչ մի խնդիր չի լուծվել: Ոչ ոք այդ հանդիպման ընթացքում որևէ խնդրի լուծում չէր ակնկալում: Սակայն դա երկխոսության սկիզբ դարձավ որոշ բարդ հարցերի շուրջ, որոնց վրա մենք սկսում ենք աշխատել միասին»,- ասել է նա:
Մաքմասթերի խոսքով՝ մասնավորապես սկիզբ է դրվել Սիրիայի հարցում երկու երկրների համատեղ աշխատանքին:
«Սա Սիրիայի մասով որոշակի աստիճանի կայունության հասնելուն ուղղված ջանքերի սկիզբն է՝ սկսելու համար այնտեղ հասնել արդյունքի, որը վերջ կդնի մարդկային տառապանքներին, որը կբերի ամուր քաղաքական կարգավորման գոնե այդ տանջված երկրի մասերում»,- ասել է նա: