Արցախի նախագահի թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը հուլիսի 12-ն է
Արցախի Հանրապետության ԱԺ նիստերի փոքր դահլիճում այսօր՝ հուլիսի 6-ին խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են առաջիկայում Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ընտրությանների նախապատրաստության հարցերը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Սահմանադրության 168-րդ հոդվածի և Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի 149-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուներին առաջադրելու են Ազգային ժողովի խմբակցությունները: Խորհրդարանի կողմից ընտրված Նախագահը պաշտոնավարելու է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը:
Ներկայացնելով առաջիկա ընտրական գործընթացի ժամանակացույցը՝ խորհրդարանի նախագահը նշել է, որ ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն, առաջադրման վերջնաժամկետը հուլիսի 12-ն է: Առաջադրման ավարտից հետո 24 ժամվա ընթացքում կհրապարակվի ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուների, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին: