211652_close_icon
views-count7289 դիտում article-date 14:03 06-07-2017

Դպրոցներում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթները բացառելու նպատակով դրույթներ են նախատեսվել

Գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության կանոնադրության դրույթները հստակեցնելու, ներառական կրթության, յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքը բացահայտելու, գնահատելու ու դրան համապատասխան կրթությունը կազմակերպելու, բյուջեի և ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվության հանրային հասանելիության ապահովման արդյունավետ մեխանիզմներ ներդնելու նպատակով: Որոշմամբ դպրոցի կոլեգիալ կառավարման խորհրդի, գործադիր մարմնի լիազորությունները համապատասխանեցվել են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներով սահմանված դրույթներին: Որոշ դրույթներ սահմանվել են հանրակրթական ուսումնական հաստատություններում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման նպատակով: Համապատասխան կարգավորումներ են նախատեսվել յուրաքանչյուր դպրոցում բյուջեի և ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվության հանրային հասանելիության ապահովման համար: Մասնավորապես՝ նախատեսվում է, որ դպրոցը պետք է ունենա պաշտոնական կայք, որտեղ կհրապարակվեն դպրոցի նախահաշիվը, ֆինանսական (ծախսերի) հաշվետվությունները, հաստիքացուցակը, թափուր աշխատատեղերը, հայտարարությունները և դպրոցի գործունեությանն առնչվող «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված այլ տեղեկություններ: Մեկ ալ փոփոխությամբ՝ դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի անդամ չի կարող առաջադրվել դպրոցի տնօրենի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) անձը: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում մինչև 2017թ. ավարտը նախատեսվում է ամբողջությամբ վերանայել դպրոցների խորհուրդների, տնօրենների նշանակման, ազատման կարգերը, քանի որ հասարակությունում առկա է արդարացի դժգություն այս հարցերի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր