ԱՀԿ-ն, ՀՅԴ-ն և ԱԺԿ-ն նախագահական ընտրություններում առաջադրելու են Բակո Սահակյանի թեկնածությունը
Շուշիի մշակույթի կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Ազատ Հայրենիք» կուսակցության (ԱՀԿ) 6-րդ համագումարը: Այդ մասին հայտնում են կուսակցության լրատվական ծառայութունից:
ԱՀԿ նախագահ, հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է առաջիկա նախագահական ընտրություններին՝ նշելով, որ ինչպես տասը տարի առաջ նախագահ Սահակյանի հետ սկսել են «Միասին հանուն Արցախի» կարգախոսով, այսօր էլ քաղաքական մյուս առաջատար ուժերի՝ «Հայ հեղափոխական դաշնակցության» և «Արցախի ժողովրդավարական կուսակցության» հետ քաղաքական համաձայնության են եկել Սահմանադրությամբ սահմանված անցումային շրջանի նախագահի պաշտոնում առաջադրել Բակո Սահակյանի թեկնածությունը:
«Բակո Սահակյանի գլխավորությամբ մեզ հաջողվել է երկրում շատ լուրջ առաջընթաց ապահովել: Տասը տարի առաջ նախագահի նախընտրական ծրագիրը շատերը թերահավատությամբ էին կարդում, այսօր արդեն այդ ծրագրի գերակշիռ մասը իրականություն է դարձել: Համոզված եմ՝ առաջիկա տարիներին մեզ հաջողվելու է զարգացնել այն ծրագրերը, որոնք տարիներ առաջ սկսել ենք ու հաջողություն ունեցել»,- ասել է Հարությունյանը:
Այնուհետև համագումարի քննարկմանն է դրվել առաջիկա նախագահական ընտրություններում կուսակցության դիրքորոշման հարցը: Համագումարը միաձայն լիազորել է ԱԺ «Հայրենիք» խմբակցությանը առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելու և սատարելու Բակո Սահակյանի թեկնածությունը: