Սպիտակ Տունը Կոնգրեսից պահանջել է վերանայել Մոսկվայի դեմ պատժամիջոցների փաթեթը. ԶԼՄ-ներ
Ամերիկյան վարչակազմն աշխատում է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետ՝ փոփոխություններ անելու սենատի կողմից ընդունված ՌԴ-ի դեմ պատժամիջոցների փաթեթում, պնդում է New York Times թերթը։
Թերթը նշում է, որ Սպիտակ Տունը միջոցառումներ է ձեռնարկում, որպեսզի նշված օրինագիծը մեղմացվի և հետագայում թույլ տա նախագահ Թրամփին այդ պատժամիջոցները հեշտորեն չեղարկել։
Ներկայացուցիչների պալատը, որը սովորաբար մարտական է տրամադրված Ռուսաստանի դեմ, այս անգամ կանգնել է Մոսկվայի դեմ կոշտ դիրքորոշման ու սեփական նախագահի հետ լուրջ առճակատումից խուսափելու ընտրության առջև։
Politico-ն էլ գրում է, որ սենատը ներկայացուցիչների պալատ է ուղարկել փաթեթը մեղմացնելու վերաբերյալ իր առաջարկությունները։ Այդ կապակցությամբ սենատի՝ արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերթ Քորքերը վստահեցրել է, որ «բոլորը միասին աշխատում են այդ ուղղությամբ»։
Նախագիծը սենատում ընդունվել էր 98 կողմ-2 դեմ հարաբերակցությամբ։