211652_close_icon
views-count7223 դիտում article-date 22:30 20-06-2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում քննարկվել է «Մեր Գյուղը» խորագրով փառատոն կազմակերպելու առաջարկը

Հունիսի 20-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում «Մեր Գյուղը» խորագրով նախագիծ – առաջարկության շրջանակներում։ Նախագծի հիմնական նպատակն է` կազմակերպել ամենամյա փառատոն – տոնավաճառ` Հայաստանի և Արցախի գյուղատնտեսական արտադրանքը ներկայացնելու և իրացնելու ակնկալիքով։ Հանդիպումն անցկացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը: Քննարկմանը մասնակցել են նախագծի հեղինակները, շահագրգիռ պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչներ։ «Փառատոնը կնպաստի զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին Հայաստանի և Արցախի գյուղատնտեսական և մշակութային առանձնահատկություններին և նվաճումներին ծանոթացմանը, փոքր և միջին բիզնեսի առաջխաղացմանը, ներքին և ներգնա զբոսաշրջության զարգացմանը»,-իր խոսքում նշել է Զարմինե Զեյթունցյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է 2017 թվականի սեպտեմբեր - հեկտեմբեր ամիսներին Երևանում փառատոնը կազմակերպելու հնարավորությունը, որին իրենց արտադրանքը կներկայացնեն Հայաստանի բոլոր մարզերի և Արցախի գյուղատնտեսական ապրանքներ արտադրող ֆերմերային տնտեսությունները, ձեռնարկությունները, անհատ ձեռներեցները, փոքր և միջին արտադրողները: «Մեր Գյուղը» խորագրով նախագիծ – առաջարկությունը ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն ստացել է «Մեր Գյուղը» ՍՊԸ կողմից։

Նմանատիպ նյութեր