211652_close_icon
views-count8525 դիտում article-date 17:17 10-06-2017

Կդիմենք խաղող մթերողներին, կխնդրենք, որ գյուղացիների հետ պայմանագրեր կնքեն. Իգնատի Առաքելյան

«Մեր արտահանողը ԵԱՏՄ երկրներում այլ երկրների ցանցերի հետ աշխատելու խնդիր ունի: Այս մասով ծրագիր ունենք մշակված, այս պահին քննարկում ենք մասնավորի հետ, երբ ծրագիրն ավարտուն տեսքի կբերնենք, կտեղեկացնենք»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նրա խոսքով՝ արտահանման հետ կապված խնդիրներ չկան։ Նախարարն անդրադարձավ որոշ փորձագետների գնահատականներին, թե այս կարճ ժամանակահատվածում հնարավոր չէր այդքան ապրանք արտահանել, ինչը նշանակում է, որ թուրքական ապրանքն է արտահանվում հայկական պիտակներով։ «ՌԴ-ից եկել են, ուսումնասիրել տվյալները, հաշվել ու հասկացել, որ մենք հաստատ ունենք այդ հնարավորությունները՝ նման քանակ արտադրելու ու արտահանելու»,- ասաց նախարարը: Նախարարն անդրադարձավ նաև Արմավիրի մարզի գյուղացիների ահազանգին, թե նախորդ տարվա համեմատ 30-ից միայն 7 գործարարներն են վերահաստատել խաղողի մթերման պայմանագրերը: «Գործարարներն իրենք են պլանավորում է իրենց աշխատանքը, իսկ մենք նախատեսում ենք հանդիպում կազմակերպել և՛ մթերող ընկերությունների, և՛ խաղող արտադրողների հետ: Բնական է, որ մենք կդիմենք մթերողներին, կխնդրենք, որ գյուղացիների հետ կրկին կնքեն պայմանագրերը»,- խոստացավ Առաքելյանը: Գյուղատնտեսության նախարարը չի բացառում, որ այս տարի խաղողի գները կբարձրանան, մասնավորապես գինու համար նախատեսված տեսակներինը։

Նմանատիպ նյութեր