211652_close_icon
views-count2207 դիտում article-date 17:25 07-06-2017

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է իտալացի խորհրդարանականներին

Հունիսի 6-ին աշխատանքային այցով Հռոմում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ տարբեր կուսակցություններ ներկայացնող իտալացի մի խումբ խորհրդարանականների հետ։ Զրույցի ընթացքում հանգամանալից քննարկում ծավալվեց երկու երկրների խորհրդարանական փոխգործակցության և դրա խթանման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձավ հայ-իտալական հարաբերությունների բազամադարյա պատմությանը՝ նշելով, որ Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարիների ընթացքում երկու երկրների միջև հաստատվել է սերտ համագործակցություն, որի վկայությունն են վերջին տարիներին տեղի ունեցած բարձր մակարդակի փոխայցելությունները: Նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստան-Իտալիա միջկառավարական նիստի գումարման կապակցությամբ և հույս հայտնեց, որ դա գործուն շրջանակ կհանդիսանա հարաբերությունների հետագա զարգացման և տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման համար։ Նախարար Նալբանդյանը անդրադարձ կատարեց ապրիլի 2-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին` ընդգծելով, որ դրանք նշանավորվեցին միջազգային դիտորդների աննախադեպ մեծ թվով, որոնք փաստեցին, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, հարգվել են հիմնարար ազատությունները, և դրանց արդյունքներն արտացոլում են ժողովրդի կամքը: Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց ընտրությունների կազմակերպման օժանդակության նպատակով Եվրոպական միության ցուցաբերած աջակցության կարևորությունը: Էդվարդ Նալբանդյանը իտալացի խորհրդարանականներին ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը՝ ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: Նա կարևորեց հաջորդ տարի ԵԱՀԿ-ում նախագահող Իտալիայի աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Հանդիպմանն անդրադարձ արվեց մի շարք տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի և Իտալիայի մոտեցումներին։

Նմանատիպ նյութեր