211652_close_icon
views-count2714 դիտում article-date 18:18 02-06-2017

Խաղաղության կորպուսի 42 նոր կամավորները առաքելությունը կիրականացնեն Հայաստանի մարզերում

Այսօր Երևանի Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ ԱՄՆ «Խաղաղության կորպուսի» 42 նոր կամավորների երդման արարողությունը: «Այսօր այստեղ երդում կտան կամավորներ, որոնք կսկսեն իրենց երկամյա աշխատանքը Հայաստանում: Բացի այդ, Խաղաղության կորպուսն այս տարի տոնում է իր գործունեության 25-ամյակը Հայաստանում: Առաքելության իրականացման նպատակով արդեն 1000-րդ կամավորն է հայկական հողի վրա: Տարբեր տարիքի մարդիկ գալիս են Հայաստան, ուսումնասիրում մշակույթը, լեզուն, պատմությունն ու ժողովրդի վարքաբանությունը, ապա վերադառնում ԱՄՆ և կիսվում ձեռք բերված գիտելիքներով և տպավորություններով, և այնտեղ ձևավորվում է այն շրջանակը, որը ՀՀ և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ամրապնդման դիրքերից է հանդես գալիս»,- արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան, Ռիչարդ Միլզը։ ԱՄՆ Խաղաղության կորպուսի 42 կամավորներւ կուղարկվեն Հայաստանի տարբեր շրջաններ, որտեղ առաջիկա 2 տարիների ընթացքում անգլերեն կդասվանդեն տեղական դպրոցներում և համալսարաններում: Կամավորներն արդեն անցել են 11-շաբաթյա ինտենսիվ դասընթացը, որի ընթացքում սովորել են խոսել հայերեն, ուսումնասիրել հայ ժողովրդի մշակույթը և պատրաստվել առաքելության մեկնարկին: «Ես Վաշինգտոնից եմ, երկու ամիս է, ինչ ապրում եմ Հայաստանում՝ որպես կամավոր, ապա ինձ ուղարկելու են Սիսիանի Աղիտու գյուղ, որտեղ և դասավանդելու եմ անգլերեն», - ասաց Հայաստան ժամանած խաղաղության կորպուսի կամավոր Ալեքս Վելնան: Նա տեղեկացրեց, որ իրենք չեն ընտրում երկիրը, որտեղ պետք է իրականացնեն առաքելությունը որպես կամավոր, սակայն շատ ուրախ է, որ իրեն հենց Հայաստան են ուղարկել: Խաղաղության կորպուսի Հայաստանի գրասենյակի տնօրեն Չարլզ Էնսիսոնը նշեց, որ մինչ օրս այս ծրագրի շրջանակում ունեցել են 990 կամավոր, և այսօրվա երդվողների մեջ է 1000-րդը: «Այս ծրագրի հիմնական նպատակն աշխարհում բարեկամություն և խաղաղություն սերմանելն է: Հայաստանում մեզ խնդրել են աշխատել երիտասարդների հետ, ինչպես նաև դպրոցներում իրականացնել անգլերենի դասավանդում»,- նշեց նա: Միջոցառման ներկա էին ավելի քան 300 հյուրեր: Հյուրերի թվում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նշենք, որ Խաղաղության կորպուսը Հայաստանում իր գործունեությունն սկսել է 1992 թվականից, Հայաստանի կառավարության հրավերով: ԱՄՆ Խաղաղության կորպուսը հիմնադրվել է նախագահ Ջոն Քենեդիի կողմից, 1961 թվականին և ունեցել է երեք նպատակ`անհրաժեշտության դեպքում օժանդակել այլ երկրների ժողովուրդներին, նպաստել ամերիկացիների ճիշտ ընկալմանն այլ երկրներում, աջակցել այլ մշակույթների ճիշտ ընկալմանն ամերիկացիների կողմից:

Նմանատիպ նյութեր