211652_close_icon
views-count3068 դիտում article-date 15:21 25-05-2017

Մեղրիում Հայ-ճապոնական ծրագրի շրջանակում սկսնակները ներկայացրեցին նոր բիզնես գաղափարներ

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) համագործակցության շրջանակում կազմակերպված «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացումը: 16 մասնակիցներից գործարար ծրագիր էր ներկայացրել 12-ը: Գաղափարները ներառում էին չրերի, թեյերի, մրգային կոնֆետների արտադրություն, հյուրատնային ծառայություններ, ռեստորանային համալիր, նորաձևության սրահի հիմնում և կարի արտադրություն: Ծրագիրը ենթադրում է համապարփակ մոտեցում՝ աջակցության ֆինանսական և ոչ ֆինանսական գործիքների համադրությամբ: «Հաջող սկիզբ» կոչվող առաջին փուլում ձեռներեցները մասնակցում են ձեռնարկատիրական անվճար դասընթացին և մշակում գործարար ծրագրեր: Առավել իրատեսական ծրագրերը կարող են հավակնել ֆինանսական աջակցության` մատչելի վարկերի տեսքով: Ֆինանսական միջոցների տրամադրումից հետո առնվազն 1 տարվա ընթացքում սկսնակը ստանում է անվճար խորհրդատվություն և բիզնեսի կայացման ու զարգացման համար անհրաժեշտ բազմակողմանի գործիքներ` անհատական աշխատանք և դասընթացներ շուկայավարության, ֆինանսական հոսքերի կառավարման, սննդի անվտանգություն և այլ ուղղություններով: ### «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ստեղծվել է 2002թ.` ՀՀ կառավարության որոշմամբ: Կենտրոնի գործունեությունն ուղղված է նոր ՓՄՁ-ների ստեղծմանը, ձեռնարկությունների ֆինանսական աջակցությանը, նրանց հմտությունների զարգացմանը, ուսուցմանը, ոլորտային ՓՄՁ-ների աջակցությանը, ձեռնարկությունների ինֆորմացիոն, խորհրդատվական աջակցությանը, բիզնեսի միջազգայնացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը:

Նմանատիպ նյութեր